Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մաքսատան պաշտոնյաները կը հուսահատեցնեին, տարօրինակ պայքար՝ ուր ընդհանուր կանոնին հակառակ՝ փախողը տարած կըլլար հաղթությունը։

Եվ Պասմաճյան Հակոբիկ կը փախեր ու կը փախցներ. ամառը՝ Պյոյուք-Տերեն խոսեցնելով իր մեծածախ զբոսանքներուն և կարճ հասակին վրա, ձմեռը՝ Փերան։

Գեր կիները հատուկ ձգողություն մը ունեին իր փոքրիկ անձին համար և անոնց մեջ կը թավալեր, վերջ ի վերջո կանգ առնելու համար այս դերասանական խումբեն միույն քով տիկին Մազչմյանի ստվար թևերուն տակ։

Մյուսը՝ Տեմիրճյաններու գանձապետը՝ վաճառատան գործերու առթիվ ծանոթացած, մտերմացած էր Հակոբին հետ ինքը՝ կարգի կանոնի տղա, բոլորովին հեռու էր անոր հարաբերությանց հաճույքեն. բայց այս վայրկյանին իր բարեկամին առաջարկությունը երջանկության հրավերի մը պես հնչեց իր ականջին, այսպես շուտով մոտենա՜լ այս բոլոր բազմության պաշտած դիցուհվույն։

— Էրթանք, ըսավ, բայց ես գերասանուհյաց վարժության չունիմ։

Թողուցին աթոռնին։

— Թե որ մեկը զմեզ տեսնա, կըսեր Պասմաճյան, ինծի համար փույթ չէ, բայց դո՞ւն նշանած երիտասարդ։

Եվ կառաջնորդեր նեղ նրբանցքներու ոլորապտույտ ճամփաներու մեջեն ուր հեռու հեռու գրված կանթեղներուն լույսը օգուտ չուներ։ Այդ տեղերու ծակը ծուկր գիտեր։

Դերասանաց հատկացյալ սրահը խառնաշփոթ տեղ մէր Պիթբազարի և Փերայի վաճառատան զուգավորություն մը. հոս հոն բազմոցի կամ աթոռակի մը վրա զգեստներ, ձեռնոցներ․ գլխարկներ, էքսթռեի շիշեր ու երեսի ներկեր։ Ոմանք իրենց դեմքին ավրված գույները կը նորոգեին. մին կը ծերանար մյուսը իր տարիքը կը ծածկեր, ուրիշ մը իր մոռցած դերը հիշելու կը ջանար՝ ինքնիրեն քթին տակ կրկնելով պարբերությունը․

— Եվ Արմանին ընկերացա հոնկե մինչև հոս..․ ու չի հաջողելով շարունակությունը հիշել։