Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկ քանիիներ կը խոսեին, կը խնդային։

— Ինծի նայե, Միշե՛լ, կըսեր անոնցմե մին պոռալով, իրավ որ դուն ապուշի բնական հարմարություն ունիս։

— Կորսվե՛ դուն ալ, հանդիսականներուն պահե անճոռնի կատակներդ, կը պատասխաներ Միշել։

Տիկին Մազլըմյան կընդմիջեր.

— Սուս եղեք քիչ մը։

Քորսեին կապերը կը քաշեր շարունակ չի կրնալով իր պարարտ մարմինը սեղմել այնքան որ իր մեջքին լայնության անպատեհությունները վերցնե. նույն միջոցին Հակոբիկը տեսավ, օգնության կանչեց։

— Եկո՛ւ, եկո՛ւ, սա կապերը քաշե։

Անդին՝ ճամպազյան՝ Արմանի դերը կատարողը՝ մանկամարդ աղջկան մը հետ կը խոսեր։

— Սուտ մըսեր, Սաթենիկ։

— Ես սուտ մուտ չգիտեմ, ամեն բան բացե բաց. կը սիրեմ՝ կը սիրեմ, չեմ սիրեր՝ չեմ սիրեր։

— Կեցցես, Կապուտ-հազ, ըսավ անոր Հակոբիկ, միշտ այդպես անկեղծ եղիր և ոչ ասոնց պես խաբեբա։

Երիտասարդը տիկին Մազլըմյանր ցույց կուտապր ամենուն խոսքին, գործին կը խառնվեր, դերասանները իր անկարգ ու զվարճասեր կյանքին սովորական ընկերներն էին. դերասանուհիք քիչ շատ իր սիրուհիները, հոս՝ իր տանը, ընտանյաց մեջն էր կարծես, ամենուն ներքին կյանքը, կապակցությունները գիտեր.

— Ստակներդ առի՞ր, Միշե՛լ, կը հարցներ։

— Ոչ դեռ։

Լևոն ապշեր էր այս անծանոթ մարդոց ու աշխարհին մեջ։

— Ո՛չ դեռ։

Եվ տիկին Մազլըմյանին մոտենալով՝

— Դուն ինչպես ես, հանը մըս։

Տիկին Մազլըմյան իր վրեժը լուծեց.

— Խաբեբաներուն մեծը դուն ես, ո՞ւր է խոստացած փաթիդ։

— Բոլորովին մոռցա, արդեն շատ ալ զբաղյալ էի. գալ