Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուրբաթ անպատճառ. Նարդիկ, մեկտեղ ես, Լևոնին համար կը մտածենք, կաշխատինք։

Զանգակը հնչեց, երաժշտությունը երկրորդ արարվածին նշանը տվավ. հուշարարը՝ տետրակը ձեռքը իր փայտե տուփի մեջ մտնելու վազեց։

Երկու երիտասարդները բաժնվեցան մինչդեռ Նարդիկ ետևնուն կը պոռար.

— Անթրաքթին եկեք նորեն։

Ո՛չ. հիմա ուշադրություն չէր ըներ խաղին, ամբողջ սրահը, օթյակները, բաղմաթյունը կը ցնդեր կանհետանար, մինակ Հո՜ն, բեմին վրա ձգելով դերասանուհին որուն ժպիտները հատկապես իրեն կուղղվեին, արևեն անջատված ճառագայթներու պես համակ լուսով ողողելով զինքը. կը խորհեր իր նշանածի դիրքին, կարգադրված ապագային՝ որոնք պարտավորություններ կը հիշեցնեին, իր խոսեցյալին դեմքը աչքին առջև կը բերեր, անոր ալ հրապույրն ու գեղեցկությունը հիշելու ջանք կըներ առանց հաջողելու, քովեն բարեկամը հանգիստ չէր թողուր զինքը.

— Չի՜ խոսիս։

Ի՞նչ խոսեր, երկրորդ դադարին ամենեն առաջ ինք թողուլ իր աթոռը, չի կրնալով հանդուրժել սրահին հեղձուցիչ մթնոլորտին։ Պարտեզին մեջ Ստեփանիկ աղան ելավ դեմը։

— Ի՞նչ կըսեր սա քոնսոլիտին իյնալուն։

Շահադետը կարծիք կը ժողվեր խոսակցությամբ, գագափար կը հասկնար վերջեն ընտրություն մը ընելու համար անոնց մեջեն։

Լևոն պատասխանելու տրամադիր չէր։

— Չեմ գիտեր, չի լսեցի։

Ստեփանիկ աղան կը պնդեր․

— Ի՞նչ ըսել է «չի լսեցի», չորս ղուրուշի անկում և դոմ տեղեկություն չունիս. ո՜ւր կապրիս կոր, վաճառական չե՞ս դուն։

Խաղացողը կը պարսավեր երիտասարդը հայտնելով որ վաճառական մը դրամի և արժեթուղթի հրապարակին անտարբեր