Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չի կրնար ըլլալ. ամեն փոխանակություն դրամի, արժեթուղթի կամ վաճառքի, միություն մը կը կազմեր և այդ երեք մասերը սերտիվ կապված էին իրարու։

Գալուստյանը տեսավ, անոր ալ կարծիքը հարցուց.

— Պատճառը հայտնի է, ըսավ օգնական խմբագիրը։

Քաղաքական կացությունը ծանր է. վերջին հեռագիր մը Անգլիո և Ռուսիո մեջ հարաբերությանը խզում մը կը հայտներ։

Ստեփանիկ աղան ամենեն առաջ պոռսային մեջ այդ լուրը առած էր. հուսացածին պես նոր բան մը չի կրցավ իմանալ։

Լևոն հայտնապես կը ձանձրանար. Նարդիկի մոտ երթալ կուզեր և այս հաճույքը կը տանջեր զինքը, կը ծանրանար սրտին վրա. որոշեց վերջին անթրաքթին երթալ. ներկայացման վերջանալուն մոտ, տարտամ ակնկալություն մը ուներ այս հետաձգումովը։

Պարտեզին քազինոյին մեջ հանդիսականները լեցված էին տեսակ տեսակ ըմպելիքի գավաթներով ծածկված սեղաններու շուրջը․ ամեն ոք իր տպավորությունը, կարծիքր կուտար. սպասավորները ապօպրված ըմպելիքներու անուններ կը պոռային պյուֆեի մարդուն հունարեն թիվերով։

— Միայն քոնյա՜ք, տիո շա՜րթրյոզ։

Եվ ձեռքերնին ափսեներ կը շրջեն բազմության մեջ սեղաններու մեջեն անցնելով դառնալով անընդհատ։

Լևոն երկու քոնյաք խմեց, զինքը ճնշող անհանգստությունը թոթափելու համար։

Սպասավորները կը շարունակեին բարձրաձայն պոռալ, հունարենին խառնելով տաճկերենն ու հայերենը.

— Երկու լիմոնադա, Մարտիրոս էֆենտիի լոճային։

Մարտիրոս էֆենտին ծանոթ էր այս տեղ իբրև ամեն ներկայացումե անպակաս, ավանսենի օթյակը իրեն հատկացյալ էր ուրկե առանց դիտակի օգնության կրնար խաղին հետևիլ։

Երաժշտության ձայնը երկրորդ արարվածին սկսիլը իմացուց. քազինոն հինգ վայրկյանի մեջ պարպվեցավ. ամեն մարդ իր տեղը բռնելու վազեց, Լևոն վարագույրը բացվելեն ետքը իր տեղը եկավ. Մարկրիթ Կոթիեն խնջույքի տեսարան մը կը