Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարզեր որ խեղդուկ հազով մը, բերնեն եկող արյունալի փրփուրով մը կընդհատվեր. և ակամա բաղդատություն մը եկավ միտքը զվարճության և տառապանքի, երջանկության և մահվան այսքան քով քովի գտնվելուն վրա. Մարկրիթ իր հազի տագնապին Նվաղումեն սթափեցավ, թաշկինակով սրբեց բերանը ուր արյունը շրթունքը բոսորագեղ ներկած էր. Լևոն այդ մահագուշակ ու արյունոտ թուքը սիրահոժար պիտի ծծեր, առներ անոր զրթունքներեն. դերասանուհվույն թաշկինակը իր Նախանձը շարժեց։

Սրահին մեջ շնչառությունը դադրած, խոր ու անձկալից լռություն մը կը տիրեր. Մարկրիթ ինքզինքը գտավ։

— Մի՛ վախնաք, կըսեր Արմանին. շատ հեղ կը պատահի այս, իրավ որ մեռնելե չեմ վախնար, քեզմե բաժնվելուս համար միայն կը սարսափիմ։

Եվ սրահին մեջ Նարդիկի նայվածքը կուգար երիտասարդը փնտրելու, կարծես հասկցնելու համար որ, միայն անոր կուղղվեր այս հայտարարությունը։

Այս վայրկյանին ոչ ոք անոր մարմնուն հրապույրը կը տեսներ և ուրիշ բան չէր բայց եթե աննման տաղանդի մը և ահավոր կերպով սրտաճմլիկ տեսարանի մը զորությունը որ կիշխեր քար կտրած հանգիսականներուն վրա։

Հետո ծափահարություններ անընդհատ, որոտալից գոռ ու գոչում մը, վերնահարկեն մինչև գետնահարկը, ոտքի տրոփյուններ՝ թատրոնին հին շենքը դողացնելով իր բոլոր փայտե կապերուն և ատաղձներուն մեջ։

Վերջի դադարին ա՛լ չի համբերեց. Հակոբին հետ միասին Նորեն անցավ մանվածապատ ու մթին ճամփաներե, ներսը վարագույրին ետին հավաքվեր էին։

Նարդիկ այն պաշտելի հյուծախտավորը չէր, այլ զվարթ վառվռուն աղջիկ մը.

— Ո՞ւր մնացիք։

Լևոն հիվանդագին վիճակին մեջ կուզեր գտնել զայն. ծունկի գալ անոր մոտ համբույրներով ծածկելու համար անոր թալկահար ու տամուկ ճակատը։