Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս միջոցին թեթև ձեռք մը ուսին դպավ.

— Բարի եկաք։

Լևոն մինչև իր հոգվույն խորը զգաց այս քաղցրահնչյուն ձայնը. դարձավ, Նարդիկն էր. հիմա մութ կարմիր զյուռայե շրջազգեստ մը հագած էր երկրորդ արարվածին պահանջման համեմատ. բաց կուրծքին վրա նետված դանթելի կոհակներն հեշտավետ հովի մը ճերմակ փրփուրներուն պես դուրս կը թափեին կարծես ներսի խռովության արտահայտությունը, պալայոզներու վրա բռնված փեշը թատերաբեմին կեսը կը ծածկեր և Նարդիկ՝ ամեն շարժումին ոտքի փոքրիկ հարվածով կը պարտավորեր զայն շտկել, և այսպեսով ցույց կուտար յուր սիրուն փոքրիկ կոշիկները, երբեմն բուռն շարժման մը մեջ նույն գույնով մետաքսյա գուլպայի մը սկզբնավորությունը որ յուր սրունքներուն կը փարեր, կը գրկեր զանոնք, ծառի մը փաթթվող պատատուկ թավիշե մարմանդներու մեղկ ու քաղցր հպումովը։

Երիտասարդը անոր ձեռքը բռնեց, ջերմ, տենդոտ ձեռք մը, աղջիկին մազերուն, մարմնույն բուրումը եկավ իր ռունգերուն. այդ մարմնույն հեշտությանց ու թաքուն շնորհներուն վրա գաղափար մը, զմայլելի գաղափար մը տալով հիմակուց.

— Ծաղիկներու թագուհին եք այս գիշեր։

Հակոբիկ եկավ հասավ.

— Ահավասիկ պատվերիդ համեմատ այս պարոնը բերի քովդ, կուզե՞ս որ ներկայացնեմ։

Մյուսները Նարդիկին շուրջը բոլորվեցան. պիռա բերեք. Հակոբիկ ամենուն կը հրամցներ, մերժողներուն կսպառնար․

— Չէ նե վրադ կը թափեմ։

Հետո Արմանին կը դառնար.

— Դուն նա՞սլ ես կապուտ-հազիդ հետ. բժշկվեցար. մյուսը գլխովը բացասական պատասխան կուտար։

Այս քաջառողջ երևույթը իր պատրանքը փարատեց։

Տիկին Մազլըմյան իր փառթիե հաստատել կը ջանար։

— Ուրեմն որոշված է ուրբաթ օրվան համար Թաշտելեն երթալնիս։