Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՛, հոգիս, որոշված է։

Հակոբիկ՝ համբույրով մը կերաշխավորեր այս խոստումը։

— Թե որ կուզես այս գիշեր ալ ճաշ մը Փերայի մեջ։

Տիկին Մազլըմյան Նարդիկը անպատճառ մեկտեղ կուզեր և դերասանուհին չէր կրնար գալ։

— Ինչո՛ւ, և առաջարկությունը ավելի ազդեցիկ դարձնելու համար կավելցներ, Լևոն ալ կաղաչե քեզ որ մեզի հետ գաս։

— Կաղաչեմ, կըսեր Լևոն։

— Ո՛չ, ոչ, չեմ կարող։

Հակոբիկ կը վիճեր.

— Ի՛նչ, նորեն սա տեվեն է, տեվեճին է․ ո՞վ է թեզ հափշտակողը։

— Խենդ խոսքեր մի՛ ըներ, անհանգիստ եմ այս գիշեր, ուրիշ արգելք չունիմ, գլուխս մի՛ ցավցներ։

— Դուն գիտես, երթանք, Լևոն, ուրբաթ օրվան գոնե ապահովապես խոսք տվիր։

Հակոբիկի վերջին խոսքերուն վրա կը մտածեր Լևոն նեղ համփաներուն մեջեն վերադառնալով, ու հիմա իր թիկնաթոռեն ավանսենի օթյակը կը դիտեր շարունակ փոխանակ թատերաբեմեն վրայի ներկայացումը դիտելու. հոն Մարտիրոս էֆենտի կը խրոխտար ծավալելով իր խոշոր մարմնույն գոհունակությունը և անտանելի ատելություն մը արծարծելով երիտասարդին սրտին մեջ։

Դերասանուհվո մը կյանքը չգիտնալու չափ միամիտ չըլլալով հանդերձ, միշտ բացառություն մը ենթադրեր էր այս աղջըկան համար, որ առաջին օրեն խորին ու անդիմադրելի զմայլանք մը ազդեր էր իրեն, հեռիեն նայելով, մաքրության ու անմեղության մթնոլորտի մը մեջ երևակայեր էր զայն միշտ, և ահա քառորդ ժամի մը խոսակցության մեջ հարկ կըլլար համոզվիլ և ճանչնալ թե բացառիկ ու գերագույն էակ մը նկատված այս կինն և ոչ մեկ կերպով կը տարբերեր իր նմաններեն։ Միանգամայն կը մտածեր թե նարդիկ ինչո՞ւ չընդունեց իրենց հրավերն, իրոք ուրի՛շ մը, մշտակա ու նախանձոտ սիրո՛ղ մը կար այս կնոջ վրա հսկող, թե ոչ անհանգստությունը միայն արգիլեր էր զինքն իրենց հրավերն ընդունելու։ Ինքնիրեն չափեց