Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու բաղդատեց այս երկու հավանականություններն, և ավելորդ է ըսել որ իր տկար սիրտն ավելի Նարդիկի հառաջ բերած բարուրանքը իրավացի համարելու կողմն հակեցավ։

Այս մտածմանց մեջ ընկղմած՝ ալ ուշադրություն չըրավ երրորդ արարվածին որ թատերաբեմին վրա կը ներկայացվեր։ Այն ատեն միայն սթափեցավ երբ տեսավ վարագույրն իջած ու հանդիսականները գրեթե մեկնած. իր նայվածքը թափուր և ստվերամած սրահ մը տեսավ, որ հետզհետե կը մթննար. լուսերը կը մարեին, թատրոնը ահագին գերեզմանի լռության դատապարտելով. հիմա հիշատակ մը չի կար բոլոր երեկույթեն և իր հոգին դղրդող աղմուկներեն։

Դուրս ելավ. ժամը վեցն էր, պարտեզին մեջ հապաղողներ միայն մնացեր էին. դրան մոտ քուփե մը կսպասեր որուն վալապտերները արյունացայտ աչքեր ու պես կը շողային մթության մեջ։

Հովեն կին մը անցավ, Նարդիկն էր որ կառքը կը մտներ, անիվները դարձան, քուփեն մեկնեցավ, հեռուեն ցույց տալով իր կարմիր լույսերը, և երիտասարդը անհուն պարապության մը մեջ ձգելով։

Դանդաղ ու վարանոտ քայլերով, ձեռքի փոքրիկ լապտերովը լուսավորելով շուրջը, Լևոն կը վերադառնար տուն Կետիքփաշայի լայն և ամայի զառիվայրը իջնալով. երկու կողմեն փլած փլփլկած պատեր, տարի մը առաջվան ավերիչ հրդեհեն մնացորդ, և տեղ տեղ վտիտ, բարձր ու երկայն ծխնելույզներ, ոմանք կանգուն, ոմանք կիսակործան. և այս անշեն ու մոխիրով ծածկած փողոցեն քալելով կը հիշեր հրդեհին գիշերը բոլոր այս թաղը, տուները, բոցերու մեջ վիթխարի veilleuseի մը պես լուսավորելով բոլոր շրջակայքը, կամ մազերը բռնկած հսկա կին մը որ այդ բարձունքեն կը վազեր կիջնար վար ծովուն մեջ մարելու համար կարծես զինքը սպառող կրակը, այդ գիշերը աչքին առջևն էր. ինքն ալ եկած էր հոն բարեկամներու օգնության, և հրդեհին լույսերեն, այրողներուն թոհ ու բոհեն, ձայներեն, աղաղակներնն՝ այդ սևցած, խանձած ծխնելույզներեն զատ ահավասիկ ոչինչ կար հիմա, և վերադարձ մը ընելով