Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր անհուն ու անխուսափելի ծովին, իր ծփծփուն ալիքներով, յուր կապարագույն ու ցիրուցան ամպերուն և այն անբացատրելի խորության հետ որ այս մեծ արհեստավորին հատուկ է։

Բանաստեղծությանց մեջ արևելյան երգերը կը սիրեր։ Երբեմն մելամաղձոտ, հուսակտուր այլ համբերատար ոգի մը կա այս երգերուն մեջ, երբեմն արհամարհոտ շեշտ մը։

Անոնք որք անգետ են օսմանյան գրագիտության, պախարակելե ուրիշ կերպով չեն հիշատակեր զայն. է՜հ, տեր աստված, ո՜վ է սա մուրացիկ երգիչն որ սրճարանին մութ մեկ խորշին մեջ կը նվագե. հարգալից բազմություն մը խոր լռության մեջ կունկնդրե նմա. Արևելքի ժողովրդյան չափ ոչ ոք մեծարած է բանաստեղծներն։

Ու Սեդրաք հոժարափույթ կերթար Պոլսո ամենեն անծանոթ մեկ խորշին մեջ, տաճիկ թաղի մը մեկ անկյունը բարեմիտ ու ծեքունի թուրքաց հետ ունկնդրել այս գնչու բանաստեղծներով։ Երբեմն հայ մ՛է այս համեստ երգիչն՝ որ յուր մայրենի լեզվին անծանոթ օսմանցի բանաստեղծներով մեջ ստացած է փառահեղ անուն մը։ Արդարև թուրք երգիչներն՝ որպես նախնի ժամանակի ասպետներ՝ հատուկ անուն մը ովին իրենց ասպարեզին մեջ որով կը հիշատակվին։

Սեդրաք անհագ հետաքրքրությամբ կը հավաքեր մոռացյալ հայ բանաստեղծներու վրա այն ամեն ավանդությունները զորս ժամանակը դեռ չէր անհետացուցած։ Ու կը պատահեր որ անվանի Նամի մը ելներ ասոնց մեջեն, դեռահասակ ու վաղամեռիկ երգիչ, գրագետ ու փիլիսոփա մը, պարծանք հայ տաղանդին, բոլորովին մոռացյալ ու անծանոթ եսամոլ հայ գրագիտաց մեջ։

Ո՞ւր տեղացի էր և ո՜ր ընտանիքի կը վերաբերեր Սեդրաք. ահավասիկ հարցում մը զոր երբեք չէին մտաբերած անոր բարեկամներն. հեռվե հեռու լսած էին որ Վոսփորի ասիական եզերքեն լավագույն ընտանիքի մը անդրանիկ զավակն էր. իր անկախ գիրքն ու ազատ դաստիարակությունը չէր հարմարած հայրենի տան նահապետական ընթացքին ուր անառակ ու անդարձ որդի մը նկատված էր։

Մայրն, ո՜վ անհավատալի գաղտնիք կանացի սրտին, իր