Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժպիտը մյուս զավակացը հատկացուցած էր ու խոժոռ ու աններող դեմք մը միայն կար Սեդրաքի դեմը։ Հայրը խրոխտ հանդիմանությամբ ու սպառնալյոք կը հյուրընկալեր այս անշահ զավակն՝ որ իր հոր առևտրական տետրակները բռնել կը մերժեր։ Եղբարքն՝ ամենքն ալ իրմե փոքր իր վրա կը ծիծաղեին. կատարյալ լքում մը տեսավ այս տղան նույնիսկ իր ընտանյաց գրկին մեջ ու ալ առանձին կյանքը անհրաժեշտ դարձավ։

Սեդրաքի բաժանմամբ կարծես բեռ մը վերցավ ընտանյացը վրայեն. ամենքը գոհ ու երջանիկ կարծեցին իրենքզիրենք այս տղուն հեռանալովը, իսկ ինքը չի կրցավ բոլորովին անտարբեր բաժնվիլ մայրենի ծոցեն. ահավասիկ յուր խորհրդածություններեն մաս մը զոր թուղթի մը վրա նշանակած էր.

«1873 տարվո սեպտեմբերի 7-րդ օրը բաժնվեցա ընտանիքես զատ ու ազատ ապրելու համար. բաժանումը միշտ աղեկ ու տխուր բան մ՛է. վերջավորություն մ՛է. հոն նախորդ կյանքը կը դադրի ու ինչ որ ալ ըլլա նոր սկսելիքը, կարելի չէ անտարբեր սրտով առաջինը թողուլ, հետահայաց նայվածք մունինք ամեն բանի զոր կը թողունք կամ որ զմեզ կը թողու, — իսկ բաժանումներու աղեկությունը հոն է որ ոևէ ուժ անջատմամբ չի ջլատվիր այլ կը կրկնապատկվի, աշխարհիս մեջ կյանքը բաժանումով կսկսի, որդին պետք է բաժնել մորն արգանդեն որպեսզի ծնի ու ապրի, ո՛վ դժնդակ ու արդյունավոր ճակատագիր մարդկության»։

Ուրիշ տեղ մը այսպես գրեր էր. «Գիշերները մինակ կը դառնամ ամայի սենյակս որ համեստ կահ կարասիք մը միայն կը պարունակե. ամեն ինչ կանոնավոր շտկված ու իր տեղն է․ ճրագս լուցկիին մոտ, փայտը վառարանին քով, զգեստներս իրենց ծածկոցին ներքև, ժամացույցի պես լարված սենյակ մը որու դեմ իզուր գանգատելու պատճառ կը փնտրեմ, ո՛չ, այս երկրաչափական անխոտորութենեն չեմ ախորժիր. քիչ մը անխնամության երևույթ պետք է ինծի, վարձկան ձեռքի մը ծառայությունը չէ այլ սրտի մտոք անձի մը խնամքն որ կրնա շենցնել այս անարձագանք պատերը»։

Սեդրաքի ընտանեկան բաժանումն ուրիշ պատճառով մալ