Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր անձին, իր սիրտը այրող կրակին հետևանքը՝ շուրջի ավերակներուն ողորմելի երևույթովը կերևար աչքին։

Պոլսո առաջնակարգ վաճառատան մը մեջ գանձապետի կարևոր պաշտոնը կը վարեր քսան ոսկի ամսականով, և իր վարպետին աղջկան խոսեցյալն էր. պաշտոնական նշանտուք չի կար բայց ամուսնությունը որոշված էր, և ասով մեծագույն ասպարեզ մը և նախանձելի վիճակ մը պիտի ստանար, ահա ճիշտ այդ միջոցին էր, երեսունը անցնելե վերջը, հեռու ամեն սիրային արկածե, չի հավատալով որ սերը կրնա երբեք անդիմադրելի, անակնկալ և ճակատագրային բան մը ըլլալ, ծաղրելով իր բարեկամներեն շատերը որ իրենց սրտի տկարությունները, դժբախտությունները կը բացատրեին, ճիշտ այդ միջոցին ինքն ալ պարզ դիպվածի մը բերմունքով դեմ հանդիման կուգար այնպիսի էակի մը զոր տեսնելուդ պես կրնար չի կենալ, չի դիտել, ետիդ չի դառնալ անոր հեռանալը տեսնելու համար, էակ մը որ անձ մը չէ՜, այլ բոլոր կյանքի անարջներու անկարելի մարմնացումը, գաղտնիք մը որուն համար անկարելի է չի հետաքրքրվիր ետևեն չի վազել, ժամերով չի շրջիլ փողոցե փողոց, թաղե թաղ, թերևս հետը խոսելու հույսը չունենալով, բայց էակ մը զոր սիրտդ անմիջապես կը ճանչնա, կը զատե բազմության մեջ, իբրև թե վաղուց անտի ծանոթ մը, մտերիմ մը ըլլար քեզի, որուն հաճելի եղած բաները գիտես, ճաշակը սիրած ես, և որուն անհաճո երևալու վախը կը դողացնե քեզ։

Ահա ինչ որ զգացեր էր երիտասարդը Նարդիկր տեսնելուն․ և կը խորհեր որ անհնարին անկարելի դժնդակ բան մը պիտի ըլլար իր հեռացումը այս աղջիկեն, և ասոր համար վտանգի դնե՜լ իր բոլոր ապագան, հույսերը, այո՝ ինչո՞ւ չէ. թողուլ նախանձելի վիճակ մը, չքավորության ու նեղության օրեր տեսնել. հոժարությամբ, եթե Նարդիկի մոտ պիտի անցնեին այդ օրերը։

Պահ մը իր միտքը կամփոփեր, հիմարություն այն բոլորը, ո՞վ էր այս կինը որ հանկարծ կուգար իր ճամփուն վրա պատվարի մը պես. ի՜նչ իրավունքով, կարժե՞ր որ դերասանուհիի մը համար բաժնվեր իր որոշյալ ամուսնութենեն, պատվավոր