Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ակամա, բայց ասով հանդերձ նորեն քսան հազար ոսկվո հարստություն մը կը մնար։

Եվ հիմակուց կը հետաքրքրվեին, Տեմիրճյանին առևտրական գործողություններեն դող կելլեին երբ վաճառականը նոր շահադիտության մը կը ձեռնարկեր վախնալով որ չի փճացնե իր աղջկան օժիտը. և միջնորդ դնելով ամուսնության առաջարկությունները կը ներկայացնեին առանց պայմանի ամեն ինչ հորը կամքին թողլով. իսկ վաճառականը կը հապաղեր իր պատասխանը, չուզելով իր կենդանության ատենեն ժառանգության պահանջումներու դուռ բանալ և տեսակ մը գերեզմանե փախող ոգիի մը պես իր կորսվելուն՝ ժամ առաջ անհետանալուն փափագողներ ավելցնել։

Վերջեն լուսավոր գաղափար մը հղացեր էր, աղջիկը Լևոնին տալու գաղափարը, այս կերպով վաճառատան շահերը ավելի ևս հոգածության և խնամքի առարկա պիտի ըլլային, և փեսան իբրև իր պաշտոնյան չի պիտի կրնար՝ ստակի վեճ ու խնդիր հարուցանել. տիկին Տեմիրճյան այս ծրագրին քիչ մը դեմ կերավ, իր մայրենի փառատենչիկ սրտին համար մեծ տեղե առնելու էին աղջիկը, բայց հայրը իր որոշումը հարգել տվավ և այսպես որոշվեցավ էլպիսի ամուսնությունը։

Աղջկան համար փույթ չէր ամուսին ըլլալիք անձին ով ըլլայը, իր սիրտը անհանգիստ թռչուններուն կը նմաներ որ կը սիրեն թոչիլ հոսկե հոն, անդադար նորության մեջ գտնելով հաճույքը, ուսում չուներ, իր պատանուհվո ատենի սիրահարության նամակները գրած ատեն մեծագույն տառապանքը կը քաշեր, թուղթը ոսկեզօծ, զարդարուն, գեղեցիկ, բայց սկսելու բառեն կը շփոթեր ուղղագրության համար և իր բազմաթիվ սիրահարներուն կը գրեր.

— Յոգիս, խուշս։

Նամակին անուշահոտ, խորհրդավոր ու արթիսթիկ ծալքերը, երևույթը, ուղղագրության սխալները, ոճին ռամկությունը կը մոռցնեին նամակագրին սիրուն աչքերը, գեղեցիկ մազերը հորատի հարուստ աղջիկի առավելությունը հիշեցնելու համար։

Գիշեր ատեն իրենց Թաշ Վերտիվենի տան պարտեզին դրան քով ժամադրությունները կը պատմեին գյուղին մեջ այս