Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անվախ աղջիկին որ մարդե չէր քաշվեր ու դպրոցին էն գեղեցիկ տղաքներուն հոժարափույթ կը նվիրեր իր սերը և համբույրները։

Լևոն ոչինչ գիտեր այս ամենեն և այն կապույտ ժապավենով կապված նամակներու ծրարեն որ էլպիս Տեմիրճյանի ննջասենյակին մեջ, անկողնին տակ պահած էր խնամով։

Երբ իր ամուսնության խոսքը հաստատվեցավ, էլպիս բացավ այս ծրարը որ հիմա դեղնած էջեր, գունատ մելանով բառեր կը պարունակեր և տարբեր տարբեր ստորագրություններ, երբեմն անունին առաջին գիրը միայն, երբեմն անունն ու մականունը միասին, ամբողջությամբ, երբեմն ստորագրության տեղ վերջին հայտարարություն մը սիրո, անվերջանալի սիրո, քաղվածք մը կըներ այս ամենեն, չորս տարվան կյանքեն, գաղտնիքներով, համբույրներով, անպեխ սիրահարներով լեցուն, մի առ մի զատվեր էր որոնցմե, ձանձրանալով բոլորեն ալ, միևնույն խոսքերը, հայտարարությունները լսելով, և հասկնալով որ այս դպրոցականները ամուսնանալու մարդիկ չեն։

Նորեն ժողվեց ծրարը, նամակները, իրենց սովորական ծալքովը ամփոփեց, մեյ մը այրել ոչնչացնել ուզեց այս ամենը, թե որ մեկու մը ձե՜ռք իյնար, բայց սիրտը չի թողուց ոք այս խորհուրդը գործադրե։

Իր խոսեցյալին հետ միայն սիրահարությամբ չէր սկսած և լավ մը չէր գիտեր անոր հետ ինչպես վարվելու եղանակը։ Լևոն կյուրակե օրերը կուգար միայն, ճշտապահ, որոշյալ ժամին. ցորեկվան ճաշը միասին կընեին ու գիշերը հոն կանցներ. երբեմն պտույտ մր ընելու կելլեին թև թևի և խոսակցությունը կսպառեր իրենց շրթունքին վրա. ոչ սիրո խոսքեր, ոչ ապագայի խորհուրդներ. օտարական այցելու մը՝ ասկե զգույշ չի պիտի ըլլար. երկուքն ալ իրարու լեզվե անտեղյակ՝ իրենց գաղափարներուն մեջ կառանձնանային։

Կյուրակե առտու իր սովորության համեմատ Օրթագյուղ կերթար Լևոն. Կամուրջեն շոգենավ նստավ և քովի խցիկներեն միույն մեջ դեռ առջի իրիկվան ներկայացման կը խորհեր, միտքով կւ հիշեր կը վերլուծեր Նարդիկի դեմքը և զմայլելի