Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը գտներ և անոր քով իր նշանածը աննշան, անհրապույր էակ մը կը մնար. Թաշ-Վերտիվեն Տեմիրճյաններուն տան մեջ միևնույն բաղդատությունը կը շարունակվեր միտքին մեջ, և էլպի, ամփոփված մազերովը՝ գլխուն վրա գալարված օձ մը ունեցող աղջկան մը կը նմաներ, քալած ատեն հատուկ ջանքով մը կը ցուցներ կարծես իր ճերմակ գուլպաները, որոնցմե երիտասարդը կը գարշեր և ականջեն կախած ադամանդե օղերը պարտիզակցի հարսի մը երևույթը կուտային անոր։

Լևոն սովորաբար քիչ խոսող մեկն էր. այն օրը արձանի մը լռությունը պահեց։

Ցորեկվան ճաշեն ետքը բազմություն հավաքվեցավ Տեմիրճյաններուն բնակարանը, նախ վաճառականին փռեֆի ընկերները. Ստեփանիկ աղան, և Շամլյան Հովակիմ Էֆենտին, Հովակիմ էֆենտիին տղան Արմենակ, գյուղին թաղականներեն մին՝ Մելքոն էֆենտի իր կնոջ հետ, նիհար կին մը մարած աչքերով որոնց մեջ վերադարձի իղձերը հայտնի կը կարդացվեին։

Ընդունելության սովորական սենյակին մեկ անկյունը, ֆռեֆաճիները սկսան խաղերնին, և ընդհանուր խոսակցության մեջ ձայներնին կոպար կը հասներ ընդմիջելով ամենքը։

— Փիք սեքիզ։

— Սպաթի սեքիզ։

Տեմիրճյանի միակ տկար կողմն էր այս խաղը որ իր աճուրդի, մրցումի ոգևորությամբը զինքը կը հափշտակեր. կավելցնեին և ինքն ալ կավելցներ, մոռնալով հաշիվը ու վնասը։

— Միզեռ, կը գոչեր վերջապես համբերությունը հատած, այնպիսի թուղթով մը որ ապահով վեց ձեռք կը կոտրեր։ Եվ եթե հաջողեր, հազվագյուտ բացառություն, անվնաս ելլել միզեռեն, այն ատեն իր բերկրության չափ ու սահման չի կար։

Հիմա նորեն կորսված էր իր փռեֆին նրբությանցը մեջ, մինչդեռ անդին տիկին Մելքոն իր էրիկը կը պաշտպաներ անիրավ հարձակումներու դեմ։

— Իմ էրիկս բանկալ գացած օրը հարյուր ղրուշ ավելի հասույթ կըլլա․ հասկցա՞ք, մյությու Արմենակ։

Թուղթի սեղանեն Ստեփանիկ աղա խոսքի կը խառնվեր.