Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իմ քովս ալ եկած ատեն միշտ կը կորսնցնեմ, տեսեք ճիշտ այս վայրկենին...։

Թաղականը կը հեռանար նախապաշարյալ քոնսոլիտճիեն որ ուղուրի, խատեմի չափազանց կարևորություն կատար։

Իսկ Արմենակը կը խոսեր էլպիսին մորը հետ, իբրև բարեկիրթ տղա որ ծերերը կը հարգե, գիտե անոնց հաճելի ըլլալ, Անգլիո կյանքեն հատվածներ, հետաքրքրական նյութեր կը պատմեր, երբեմն խոսքը ուղղելով էլպիսին, անոր ալ կարծիքն առնելու համար։

Դուռը զարնվեցավ, նոր հյուրեր եկան, նախ Սուրբիկ տուտուն՝ գյուղին պառավը, շատախոս ու չարախոս կին ուրկե ամեն ոք և մասնավորապես Ստեփանիկ աղա կը սարսափեք իբրև փորձյալ ուղուրսուզ մը, օրիորդ Վասիլիկ Քալեմճյան իր աղբոր Տիգրանին հետ էլպիսր դիմավորեց։

— Ի՞նչպես ես, աղե՞կ ես, Սուրբիկ տուտու։

— Գեշին գեշը. զաթը ո՞վ աղեկ է քի ես ադեկ ըլլամ։

Հետո օր. Տեմիրճյան Վասիլիկին քովը եկավ, համբուրեցին զիրար, մինչդեռ Տիգրան իր քրոջ քովիկը կեցած՝ այս շրթան հպումը տեսնելով կը խռովեր։

Սուրբիկ տուտուն օրվան լուրերը կը բերեր, սովորաբար չարագուշակ և ձախորդ լուրեր։

Հոգնություն առնելե, խահվեն խմելե վերջը իր առջի խոսքը այս եղավ.

— Ֆուլիկ հանըմին աղջիկը հիչ աղեկ չէ՛։ Ամենքը հարցուցին հիվանդը, հիվանդությունը։

— Ո՞ր աղջիկը։

— Մեկ հատ մը ունի, Նոյեմին։

Վասիլիկ ճանչցավ։

— Մեկտեղ դպրոց գացած ենք։

Էլպիս ալ գիտեր, ամեն եկեղեցի երթալուն պատուհանը կը տեսներ։

— Հույս չի կա, կըսեր պառավը, երերցնելով գլուխը, վերեմ է ըսեր են տոքթորները։

Արմենակ հիվանդին վրա ըսված խոսքերը մտիկ կըներ։