Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փռեֆին սեղանեն՝ ձայները կը բարձրանային կատաղի, գրգռիչ, ասպարեզ կարդալով իրարու։

— Քառո՜ օն։

Որուն դիմացինը տեղի կուտար վերջապես մեղմ ու խոնարհ ձայնով.

— Փասսո։

Կորսնցունողը կը գանգատեր թղթին ձախորդութենեն, ընկերոջը ապիկարութենեն, այս տրտունջներուն պատասխանատու մեկը փնտրելով։

Լևոն հազիվ երկու խոսք արտասաներ էր բոլոր օրը, կը նեղանար այս անմիտ խոսքերուն և մարդերուն մեջ, իրիկվան դեմ բարուրանք մը հնարեց, մորը անհանգստությունը, գիշերը Պոլիս դառնալու համար։

Վաճառականը դիմագրեց, էլպիս նույնպես աղաչեց Լևոնին որ չերթա, բայց երիտասարդը համառեցավ ու թողուցին որ մեկնի։

Սուրբիկ տուտուն աղեկ գաղափար մը չէր կրնար ունենալ այս սակավախոս ու մարդատյաց տղուն վրա։

— Նշանածդ շատ քիպիր կերևա կոր, ըսավ էլպիսին։

Հետո մյուս հյուրերը գացին, իսկ Արմենակ ամենեն վերջը, սպասելով հորը որ փռեֆը վերջացունե։

Տեմիրճյան շահեցավ և այդ վաղանցիկ հաջողությամբ ընկճելով դիմացինները կը պոռար հիմա.

— Մազեթաներ։

Հովակիմ աղա ոսկի ու կես կորսնցուց, Ստեփանիկ աղա չորս մեճիտիե, բայց Տեմիրճյան դեռ իր փափագը առած չէր թուղթեն։

— Ճաշեն ետքը միանանք։

Արմենակ էլպիսին շուրջը կը դառնար, մեծարանքներով. փաղաքուշ խոսքերով։

Լևոն՝ Պոլիս դառնալուն Նարդիկի տան առջևեն անցավ։ անորոշ հույսեր ուներ, դերասանուհին թերևս դրանը առջև կամ պատուհանը նստած պիտի տեսներ, ո՛չ ոք, անցավ, բարկանալով որ այսպիսի անակնկալ հաճույք մը չէր կրցած վայելել․