Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տունը՝ չի կրցավ մորը երկար բարակ հարցումներով պատասխանել։

— Նշանածդ ի՞նչպես էր, տիկին Տեմիրճյան ի՛նչպես է, ո՛ր կար, ինչո՛ւ գիշերը չի կեցաը նշանածիդ։

— Չեմ գիտեր, կըսեր երիտասարդը։

— Չէ նե մի նոր բան կա։

— Ի՛նչ նոր բան, խե՛նթ ես, մայրիկ։

Մորը երկյուղը փարատելեն ետքը, ճաշեցին, ժամը մեկ ու կեսին դուրս ելավ։ Ամառվան տաքը՝ փողոցին օդը տաք, անջնջելի կըներ, ամենքը դրան առջև նստած գիշերվան զովություն կը փնտրեին։

Նարդիկի տան առջև երկու հոգի կար. դուռը բաց էր, Լևոնին սիրտը ուժգին բաբախեց, մոտեցավ, դերասանուհին էր, հիսուննոց կնկան մը հետ նստած։

— Հրամմեցեք, աթոռ մը տուր, Թեյզե։

— Ո՛չ, ներեցեք։

Լևոն կը մերժեր առանց ուզելու, նստելու անհուն փափագին հակառակ։

— Այցելություններ ունիք անշուշտ, կըսեր Նարդիկ, զորս չեք կրնար թողուլ։

Լևոն շփոթեցավ։

— Բան մը չունիմ։

— Ինչո՛ւ չեք նստիր ուրեմն։

Երիտասարդը առավ աթոռը, մինչդեռ Թեյզեն կը դիտեր զինքը մանրակրկիտ քննությամբ։

Մինչև ժամը հինգ խոսեցան առքի օրվան ներկայացումին, ուրբաթ օրվան Ալեմտաղի երթալու ծրագիրին վրա. հետո Լեվոն մեկնեցավ. իսկ դերասանուհին հաջորդ գիշեր նորեն գալու խոստում առավ անկեց։

Հետևյալ առավոտ ուշ գնաց վաճառատուն, ճամփան՝ պատուհանը նստած տեսավ Նարդիկը մազերը թափած, առավոտի շնորհալի անկարգության մեջ. բարևեց անցավ, քայլերը հառաջ չի տարին զինքը. ետին դարձավ. Նարդիկ ալ իրեն կը նայեր դեռ և կը ժպտեր։