Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վաճառատան մեջ ամեն ինչ անկարգ անիմաստ թվեցավ իրեն. գրագիրներուն սրդողեցավ. բեռնակիրները չախեց, գործերը կը կարգադրեր հապճեպով, վայրկյան մառաջ լմնցնևելու, դուրս նետվելու փափագով տանջված։ Ներսը երկաթ կը կրեին շարունակ, իրարու վրա կը դիզեին փութռելները որոնք բախման ձայներովը վաճառատունը կը թնդար։

Լևոն այն օրվան գանձվելիք փոխանակագիրները աչքե անցուց որոց համար մինչև իրիկուն սպասելու պարտավոր էր, այս սպասելը տաժանելի գերության մը պես եկավ իրեն սրտին. և ոչ իսկ օր մը ազատություն. այս վայրկյանիս բոլոր գանձապետի, տնօրենի գիրքը ազատ մուրացիկի վիճակին հետ պիտի փոխեր։ Այսպես շրջեցավ վաճառատան մեջ, առանց կարենալ աշխատելու, միայն ժամերը մոռնալու ջանքով. իրիկվան դպրոցն արձակվող տղու մը պես դուրս ելավ գրասենյակեն դերասանուհվույն տան առջևեն անցնելու համար միայն, հոն չի պատահեցավ Նարդիկին, դուռը, փողոցը մարդ չիկար, գիշերը ճաշեն վերջը վերադարձավ, առանց հանդպելու Նարդիկին։ Հետևյալ առտու նույնպես Լևոն Տեվեճյանը հիշեց։

Այդ օրը Տեմիրճյաններու գանձապետը կատարյալ հիմարի մը ձևը ուներ, այն սովորաբար քիչ խոսող երիտասարդին, հանդարտ ու պաղարյուն մարդուն տեղ, առանց պատճառի զայրացած կատղած մեկն էր, որ այցելուի, հաճախորդի հետ անգամ հայտնի անհամբերությամբ կը խոսեր։

Ժամը 8ին Շամլյան Արմենակ եկավ հորը կողմե խնդիրք մը ընելու Տեմիրճյանին. վաճառականն իր գանձապետը կանչեց․ երկու հազար ոսկվո ապրանքի վրա Շամլյանները երաշխավոր ըլլալ կառաջարկեին իրեն, կարևոր շահու բաժին մը խոստանալո՛վ։

Արմենակ առաջարկության շահավոր կողմերը կը պարզեր, ոտքի վրա կեցած, գլխարկը ձեռքը. Լևոն ժամանակ ուզեց մտածելու. Շամլյան գործին ստիպողական ըլլալը կը հայտներ, պայմաններուն վրա վիճեցան քիչ մալ. հարյուրին հինգ շահ կուտար Շամլյան և Լևոն հարյուրին քսան կը պահանջեր, միջոց մը խոսակցությունը դառնացավ։

— Ապուշի տե՞ղ դնել կուզեք զիս, կըսեր Արմենակ։