Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ամենևին, բայց երկու հազար ոսկվո հանձնառության մը տակ դյուրավ չի մտնվիր։

— Ի՞նչ վնաս, քանի որ մեզի երաշխավոր պիտի ըլլաք, կը կասկածի՞ք մեր վրա։

— Ամենուն վրա կը կասկածիմ։

Տեմիրճյան միջամտեց. Լևոն աչք ըրավ անոր մերժելու համար և վաճառականը՝ չի կրնալը հասկցուց. Ար մենակ տեսավ որ օգուտ չունին իր փաստերը, վերջին հուսահատական փորձ մը փորձեց, ստույգը այն էր որ բուն իսկ իրենց վաճառքն էր որ օտարի մը նոր գնվելիք ապրանքի մը պես ցույց կուտային Տեմիրճյանին, անոր երաշխավորությամբը հրապարակեն երկու հազար ոսկվո փոխառություն մը ընելու հույսով։

— Դուք գիտեք, ես Մարտիրոս էֆենտիեն առաջ ձեզի գա ուզեցի, անոր հետ հարյուրին հինգով կրնայի լմնցնել։

Մեկնեցավ, Տեմիրճյան Շամլյաններուն վիճակին վրա տարակույսներ կը հայտներ Լևոնին։

— Ի՞նչ է սա երկու հազար ոսկի քելեփիր ապրանքը, խելք չի հասավ։

— Ոչ ալ իմս։

— Դուն այսօր անհանգստություն մը ունիս վրադ, հիվա՛նդ ես։

Գանձապետը չի պատասխանեց այդ հարցման և Մարտիրոս էֆենտիի վրա դարձուց խոսքը, ո՛վ էր այս մարդը, ուսկի՞ց էր իր հարստությունը. Տեմիրճյան կը հիշեր որ տասը տարի առաջ աննշան վաշխառու մէր։

Այն իրիկվան վերադարձին Նարդիկի տան չի մոտեցած, միտքեն՝ պիտի տեսնեմ, չի պիտի տեսնեմ ի գուշակություններ ըրավ. փորձեր կատարեց, ճամփուն վրա իր գտնված տեղեն մինչև սա շենքը թե որ հարյուր քայլե ավելի չըլլար, Նարդիկ պատուհանն պիտի գտնվեր, թե որ հարյուր քայլե ավելի ըլլար հեռավորությունը՝ Նարդիկը պիտի չի տեսներ, և քայլերը կառներ մեծ-մեծ, ամեն ճիգ թափելով որ հարյուր քայլը չանցնի և կարենա այն իրիկուն դերասանուհվույն երեսը տեսնել․ այսպես ճամփան շարունակ իր սիրած նյութին խորհելով զբաղեցավ մինչև երանավետ տան մոտ։