Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նարդիկ` պատուհանն էր. գուշակությունը ճիշտ ելավ. պատուհանը բացվեցավ. խոսեցան։ Ճաշեն ետքը նորեն վերադարձավ և ձեռքը բռնելով անոր իր դողդոջուն ձեռքերուն մեջ, Լևոն երկու օրվան տառապանքը, մահացումը պատմեց։

— Չե՛մ կրնար զքեզ չի տեսնել, օդը, լույսը ինչպես պետք է ինծի, այնպես քեզ տեսնելու պետք ունիմ։

Դերասանուհին այս խելահեղ սիրույն ունկնդրելով կարբենար։

— Տեսի՛ր ուրեմն զիս ամեն օր։

Գիշերվան զովությունը կուգար առանց մեղմելու իրենք տագնապներուն սաստկությունը, փողոցին լռությունը, առանձնությունը, մութին հետ կը շրջապատեին երիտասարդն ու երիտասարդուհին անոնց գաղտնիքը պահել խոստանալով։

Անկե վերջը ամեն գիշեր Լևոն Նարդիկի տունեն անպակաս եղավ։

Իսկյուտարեն Ալեմտաղի տանող ճամփուն վրա, երկու կառքեր կը վազեին անիվներեն բարձրացող փոշիին մեջեն, հազիվ արշալույս էր. Չամլըճայի սարեն տարածվող լեռնադաշտին մեջ շոսեին բիլ գույնը կը ճշտվեր, օձապտույտ գալարումներով հողին մեղրագույն մակերևույթին վրա։

Մարդ չի կար այսքան կանուխ այս միայնության մեջ, բացի ածուխ բեռնավորված կովի կառքի մը քովեն, հետիոտն, բոպիկ քալող, մուրեն ու արևեն սևցած մարդեն՝ որ կես գիշերեն ի վեր քնաշրջիկի մը պես հուշիկ, այս ծույլ կենդանիներով ետևեն կուգար շարունակ, պահ մը ածխավաճառը կենդանության նշան կուտար, կարթննար և այս երկար և անծառ ճամփուն վրա, արևին ջերմության տակ չի մնալու ջանքով, իր համրընթաց կովերը կը մշտեր ձեռքի երկար խթանովը կովերը կը ցատկեին, խույս տալով խթանին սուր ցավեն, մեկտեղ քաշելով իրենց անտանելի բեռը, հետո քիչ քիչ կը մեղմացնեին ընթացքնին, իրենց առջի դանդաղ քալվածքին վերադառնալու համար, մինչդեռ մարդը երբեմն հայհոյելով, երբեմն շողոքորթ գգվանքով իզուր փութացնել կուզեր զանոնք, հետո ինքն ալ իր միօրինակ քալվածքին, կես մրափին մեջ