Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լևոն իր գործը, գրասենյակը կենացը մեջ առաջին անգամ թողած ըլլալու խղճահարությամբ կը մտածեր և նարդիկի մոտ գտած երանությամբը մոռնալու կաշխատեր։

— Ես Մարմարան կը սիրեմ, կըսեր դերասանուհին։

— Ես ալ, ըսավ Հակոբիկ։

Տիկին Մազլըմյան Մարմարտն կատեր։

— Վոսփորը Մարմարային չեմ փոխեր։

— Վոսփորդ ալ կը սիրենք, տիկին, պատասխանեց երիտասարդը։

Խնդալով մարեցան։

— Ուսկից ալ կը գտնես, կըսեր տիկին Մաղլըմյան, ջանալով քոռսեին կապերը թուլցնել։

Վերջապես ծառերու խումբ մը տեսնվեցավ. Տուտուրլը հասան, ճամփուն աջ կողմը պուրակ մը, ձախը՝ հերկված հողեր, քառակուսիներ նոր կամ հինեն հերկվելուն համեմատ տարբերելով իրենց գույներուն մեջ, գույնզգույն պասմայի կտորների շինված ընդարձակ սավանի մը պես որ գյուղին շրջակայքը կը ծածկեր բոլոր, պարտեզներ, որոնք ծառի ոստերով ձևացած ցածուկ պատերով կը զատվեին, բանջարեղեններու ածուներ իրենց նեղ ակոսներովը, սրճարան մը դեռ գիշերը գոց․ անդին տնակները՝ փայտաշեն ու գեղջուկ բնակարաններ և մզկիթը իր պարզ մինարեովը։

Այս էր Տուտուրլուն, տաճիկ գյուղ ուր կանգ կառնե Ալեմտաղի գացող ամեն կառք, արևակեզ ճամփուն երկարութենեն հոգնած։

Հազիվ առավոտ էր հիմա, արևուն ամփոփ ճառագայթները կելլեին կը ցրվեին չորս կողմ, լեռներուն և ծառերուն կատարները շողացնելով, ու քիչ քիչ շոգիացնելով գիշերվան ցողը որ վճիտ բյուրեղներու պես տերևներու ու ծաղիկներուն վրա տարածված կը փալփլեր։

Գյուղը դեռ քունի հանդարտության, ամայության մեջ էր, մեկ երկու հոգի ախոռներուն դրան մոտ կը տեսնվեին ձեռքերնին պղինձե ամաններով, ուրիշ մը աղբյուրեն երեսը կը լվար։

Կառքերեն իջան հոն, ծառոց շուքին տակ խոտերուն վրա. մոռցված աթոռակները գտան, երկրորդ կառքը անակնկալ կոչնականներ