Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը բերեր, դուրս կը հաներ, զոր Հակորիկ իր փառթի կարգադրելու պաշտոնին մեջ չէր կրնար մոռնալ, Պոլսո էն ճարտար համբավավոր նվագածուները, երգիչները. Նարդիկ ծափ զարկավ. մինչև հոն երիտասարդը գաղտնի պահած էր ասոնց գալը, կառք մը կուգար կը հետևեր իրենց կառքին, բայց հոն գտնվողները չէին կրցած տեսնել։

Դերասանուհին կը ճանչնար ասոնք՝ Ակոնին, Ճիվանը, Սատրին, չորրորդը չի գիտցավ, մարդիկը բարևեցին, խումբ մը կազմեցին, տիկին Մազլըմյան կառքի անձուկ անկյունեն ազատած, կսկսեր համարձակ շունչ առնել։

— Էո՛ֆ, քիչ մալ անցներ նե պիտի խղդվեի։

Նախաճաշի պատրաստություններ տեսան, ծառերուն զովությունը կը պատսպարեր զիրենք ելլող արևին տաքութենեն. գյուղը կարթննար, կը շարժեր, եղերը արածելու կը տանեին, սրճարանը կը բացվեր։

Իրենց պաշարեն մաս մը հանեցին դուրս, գյուղեն մածուն ծախու առին, գետինը ձգված ճերմակ սփռոցի մը վրա նախաճաշիկնին ըրին, կշտացան, հետո քահվեն եկավ, տիկին Մազլմյան հիմա բոլորովին հանած էր քոռսեն, իր ամենօրյա թշնամին ուրկե չէր կրնար զատվիլ, Լևոն կը ծխեր խոտին վրա պառկած. Հակորիկ՝ նարկիլե կը քաշեր, աչքերը կիսափակ։

— Թաքսիմ մը, ըսավ Ակոնիին դառնալով։

Ակոնին քեմենչեն հանեց իր սև լաթե ծածկույթեն, փույթերը դարձուց, թելերը համաձայնեցնելով, հետո սկսավ, մյուսները կունկնդրեին լռիկ, լավ կերակուրե մը հառաջ եկած թմրության մեջ թաղված։

Նվագարանին մեղմ ու դաշն ձայնը՝ տերևոց խարշափյունին մեջ բարձրացավ, աղեղը կերթևեկեր աղյաց վրա, Ակոնիին դեմքը կը գունավորեր, կը կենդանանար իր մատներեն թռչտող ձայնին զորությամբ։

Աղաչավոր շեշտերով կսկսեր, կարծես քաղցրությամբ համոզել ուզեր մեկը, ու գործիքին ձայնը կը մեղմանար, կը մեղմանար, անլսելի ըլլալու չափ, իբրև թե շունչը սպառեր այս պաղատանաց մեջ։

Նորեն կը բարձրանար ձայնը հնչուն, հզոր, հանդիմանականա