Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձևով, սպառնալիքը աղաչանաց կը հաջորդեր, հետո նորեն կը թուլնար կը խոնարհեր, հեզիկ, գլխիկոր իբրև թե ներողություն խնդրեր առջի հպարտության համար։

Եվ ունկնդիրները բառ մը չէին արտասաներ չընդհատելու համար ներդաշնակությունը որ խաբվելու չափ կը նմաներ վերը, ծառին ոստին վրա պահվըտած թռչունի մը ձայնին։

Թաքսիմեն էր այս, ետքը չորսը միացած, մին՝ իր ոտով մյուսն՝ լավութայով, չորրորդն իր դափով փեշրեվը սկսան։

Նարդիկ սթափեցավ. եղանակը հարցուց, ուշշաք կը զարնեին, Լևոն բան մը չէր գիտեր, չէր հարցներ, վերջեն երգերու կարգը եկավ, կիները հրամաններ կուտային, այս երգը կուզեին, իրենք ալ կընկերանային երգիչներուն, հնչեցնելով ծառերուն անխոսիկ արձագանքը, մինչդեռ նվագածուները կը մեղմացնեին իրենց ձայները կանանց թարմ ու քաղցր ձայները լսելի ընել տալու համար։

Գյուղեն իրենց արտը գացողներ կանգ կառնեին ճամփուն վրա, ասոնց շուրջը, մտիկ ընելով այս եղանակներուն որոնք իրենց արևելքցիի մելամաղձոտ ու դանդաղ գոյության կը համապատասխանեին, մինչդեռ քեմենշեն իր սուր, ազդու ձայնը կը նետեր օդին մեջ և ուտը իր բամբով անոր ստվար շեշտը կուտար։

Ալեմտաղիի մեջ իրենց գալուստը շփոթություն չի հարույց․ շատ տեսեր էին ասոնց պես զվարճանալու եկողներ, ճամփուն վրա հանդիպողներ կը կենային վայրկյան մը առջի կառքին մեջի կիներուն նայելու համար և այսչափ միայն, և անտառին մեջ կերթային, ծույլ, դանդաղ, փայտ բերելու։

Հակոբիկ ամենքը կը ճանչնար այս գյուղացիներուն, ահավասիկ Փարթամ չորպաճին. օտարական մը՝ այս անունը լսելով դառն հեգնություն մը լսել պիտի կարծեր չորպաճիին պատառուն ու ողորմելի հագուստը, երևույթը տեսնելով, փարթամութենե զատ ամեն բան կար հոն. սա թուխ, սև աչվի երիտասարդը՝ Օղիկենց փեսան՝ սայլավար մը անցյալ տարի ամուսնացած. Հակոբիկ կը բացատրեր այս ամենը, Լևոն՝ հիմա իր վաճառատան կը խորհեր, գողալով որ ծանոթ չի գտնվեր այս կողմերը, բոլոր կյանքին մեջ առաջին անգամ ըլլալով մասնակից