Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրախաղությունը դիտելու համար, հետո կերթար պառկելու, տեսնելով որ այս երիտասարդները քնանալու միտք չունին և մեծ ծառին տակ այս ամառ գիշերը լուսցնելու կը պատրաստվին։

Տեվեճյան Մարտիրոս էֆենտիի խանութը Պահչե-Քափու Թաշ խանի մեջ էր. կենտրոն տեղ ուր փոխադրված էր հիմա։ Գործերուն ընդարձակության համեմատ չէր իր կես խավար սենյակը որ երկու փոքրիկ պատուհանե միայն լույս կառներ։

Բոլոր դրամի պետք ունեցողներու ծանոթ խանութը այս քարաշեն ու ամրափակ սենյակը խոշոր սնտուկի կը նմաներ, սալահատակին վրա խսիր մը, լայն ու կոպիտ հյուսկենով խսիր մը փռված էր. մեկ կողմը երկար բազմոց մը Անատոլուի հաստ ու բրդոտ գորգով մը ծածկված, անկյունը պատին մեջ հյուսված էր քացան որուն երկաթյա ծանր դուռը երեք բանալիով կը բացվեր։ Հրապարակին ու ազգին մեջ ծանոթ ու հարուստ դրամատերներեն մին էր այս մութ որջին մեջ ամրացած մարդը, կարճ ու գեր իր սնտուկին պես։

Անշնորհ ու անխնամ զգեստներեն, ուռած փորեն, փայլուն աչքեն դատելով, չի ճանչցող մը՝ այս ազգին նշանավոր մարդը հարուստ մեծատան մը մատակարարը պիտի կարծեր։

Ամառը զով էր այս քարանձավին մեջ ու ձմեռը խոնավ, դրան ուղղության վրա գտնվող անկյունը սեղանի քով նստած էր իր երիտասարդ գրագիրը պատին մեջ շինված տոլապե մը անհամար տետրակներ հանելու, դնելու զբաղած. դուրսը ուրիշ ծառա մը, ակնցի եղբորորդի մը սենյակները մաքրելու ու իրիկունները գոցելու պաշտոնին մեջ իր փորձյալ հավատարմությամբը, ողորմություն ուզողները ներս թող չի տալու համար սպասելով մինչև իրիկուն։ Երբեք Մարտիրոս էֆենտի մինակ չէր մտներ այս սեմեն ներս, ու իր սպայակույտը ուներ, փոքրիկ փերեզակներ որք իր շնորհիվ վաճառականի տիտղոսը առած էին, դրսեցի փոլիցաճիներ միշտ իր աջակցությանը կարոտ,