Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնք առտուները կը շրջապատեին զինքը, մինչև սենյակ տանելու համար. խանը հասնելնուն, օտապաշին ոտքի կելլեր բարև բռնած փեշը փեշին, իր գալուստը կիմարվեր անմիջապես:

— Եկավ, եկավ, կըսեին իրարու։

Մարտիրոս էֆենտի անտարբեր իր գալուն համար ցույց տրված մեծարանքներուն, հարուցած աղմուկին, համրաքայլ կը հառաջանար, իր ճարպալից մարմնույն բեռան տակ ընկճյալ, տոտիկ տոտիկ կելլեր քարե սանդուխը որ իր սենյակը կը տաներ։

Դրան մոտ եղբորորդին կանգուն, ձեռքերը միացուցած, կը վաղեր աղային գալը ներսը իմացնելու։

— Բարի լույս, Աբրահամ։

Ու Աբրահամ այս բարի լույսեն շողոքորթված, պատասխանելու անկարող, թեմեննահ մը կըներ գետնեն։

Վերջապես կը մտներ ներս ուր զինքը սպասողները ոտքի վրա ելած կընդունեին զինքը, բազմոցին վրա իրեն համար որոշյալ անկյունը կանցներ ու իրեն դիմողները մտիկ կըներ։

Տասնութը տարու էր երբոր Ակնեն Պոլիս եկավ «սարֆութին» ընելու համար, այս դրամի առուտուրը իրենց ընտանեկան մոլությունն էր. ամեն ոք սարաֆ կը ծներ այս ընտանյաց մեջ. կարգավ, տարիքի ու փորձառության կարգավ, մի առ մի կուգային մայրաքաղաքը, նորեկները՝ վարժվելու, ծերերը՝ նորեկներուն սորվեցնելու համար արհեստին գաղտնիքը, անընդհատ երթևեկ մը Ակնեն Պոլիս տանող ճամփուն վրա, հաստատամիտ մրջյուններու ուղևորության մը պես։

Աստվածապաշտ կը թվեին այս մարդիկ։ Սաղմոսեն տուներ, Ավետարանեն հատվածներ բերնուց գիտեին, օգտակար փաստեր, զորս շահավոր առուտուր մը ի գլուխ հանելու կը գործածեին։

Սակավապետ, կծծի, խանի մը սենյակին մեջ. պարտկված Տեվեճյանները միշտ հարուստ-աղքատներ մնացած էին, մինչդեռ ուրիշ հայրենակիցներ հաջողության մեջ մոռնալով իրենց առջի խնայող սովորությունները, պոլսեցիի մը պես շռայլ ու մսխող դարձած էին։