Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոս կամ երկիրը, թոնիրին քով կամ տանիքին վրա, առտու կամ իրիկուն, դրամն էր իրենց խոսակցությունն, հաճույքն ու ցավը, սփոփանքն ու հուսահատությունը։

Առնելիքի, գանձման, դատի, տոկոսի, մուրհակի անվերջանալի վեճ մը որ տունն ու խանութը հավասար կատաղությամբ հառաջ կը տարվեր, մին՝ մյուսին գործողությունները քննադատելով, դժգոհ, գանգատող, չի կրնալով երբեք բավականանալ հաճախորդներուն կողոպուտներեն, առնված շահեն, ապահովութենեն կամ գրավեն։

Այս շահամոլ մթնոլորտին մեջ ծնավ ու մեծցավ Մարտիրոս. ուղիղ ընթերցանութենե ավելի չի սորվեցավ երբեք. բայց մանուկ հասակեն սարաֆության բոլոր ծակ ու ծուկը, վարպետությունները սորված հասավ Պոլիս, հորեղբորը Սարգիս աղային քով տեսականը գործնականով կատարելագործելու համար։

Մեծ Նոր խանի մեկ սենյակին մեջ որ իրենց տունն ու խանութն էր միանգամայն, սպասավորի համեստ դիրքով սկսավ իր աշխատությունը, անկողին շտկէց ու ժողվեց, սենյակը ավլեց ու իրիկունները դրան առջև փոքրիկ երկաթե վառարանին վրա կերակուր եփել սորվեցավ։

Չախ ու ծեծ կերավ հորեղբորմեն, երբոր աղը շատ նետեց կամ պտուկը կրակին վրա մոռնալով այրած ու սևցած սեղան բերավ։

Արյունը՝ մահամերձ ծերուկի մը հանդարտությամբ կը սողար իր երակներուն մեջ. հնազանդությունն ստրուկության կը հասներ այս տղուն քով. իր պապը՝ ծեծի ու հանդիմանության շնորհիվ հառաջացած ըլլալը կը պատմեր. հայրը նույն կերպով մարդ եղած էր. ինքը բացառություն մըլլալ մտքեն շանցուց. իր հայրը, հորեղբայրը ու պապը դարուս նշանավոր մարդիկն էին իր աչքին ու ըստ այնմ իր հարգանքը ու ակնածությունը անսահման էր։

Խոհարարութենե սկսավ հառաջադիմել մինչև սենեկի մանչ «օտա ուշաղի» ըլլալու աստիճան. խահվե ու չուպուխ կը հրամցներ հյուրերուն, ջուր կը բերեր ու սիկառի կրակ կուտար,