Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու դրան մոտ կսպասեր ձեռքը ձեռքին վրա բարև բռնած մինչև որ հորեղբայրը կանչեր զինքը.

— Ծո տղա, ֆեոս եկու։

Գիրուկ, գեղեցկադեմ տղա էր զոր սևնեկին հաճախորդներն շուտով նշմարեցին, ինքն ալ զգաց այն հատուկ ուշադրությունն որուն առարկա կըլլար, ոմանք պախշիշներ տվին իրեն զորս ընդունեց, առաջարկություններ լսեց որոնցմե իզուր ուզեց խույս տալ։ Հորեղբայրը որուն թերասքող բառերով իր վարանումները բացատրեց, չի հասկնալ ձևացուց իր խոսած լեզուն։ Ծերուկ կալվածատեր մը՝ հինուց ի վեր խանութին հաճախորդներեն մին, Մարտիրոսին ամենեն ավելի հետամուտ գտնվեցավ. մինչև իրիկուն խանութեն չէր ելլեր, առանց բնավ պետք ունենալու շարունակ փոխ ստակ կառներ, մեծամեծ շահերով վերադարձնելով քիչ օրվան մեջ, խանութը կը շահեր այս հաշվեն ու Սարգիս աղա՝ ծերունի կալվածատերին տկարությանցը ուշադրություն չի դարձուց։

Քիչ ատենվան մեջ Մարտիրոս ինքն ալ փոքրիկ գումար մը ժողվեց իր տեսած առատաձեռնություեներեն ու իր հաշվույն պզտիկ գործ մը սկսավ հորեղբորմեն գաղտնի, տոկոսով փոխ ստակ կուտար, ութ օրվան մեջ կրկինը ստանալու պայմանավ. այս անհուսալի շահը կրցավ իրականացնել, փարան փարային ու ստակը ստակին վրա գրավ, երբեք զբոսանքի ու հաճույքի փող մը չի տվավ ու երկու տարի վերջը բավական ստակ դիզած էր։

Այս հաջողությունը իր շահու ծարավը սաստկացուց, այնպես որ, հորեղբորը խանութին մեջ գրեթե խանութ մալ ինք հաստատեց, ճարպիկ ու համոզիչ էր. հաճախորդները մի առ մի կորզեց, ամենքը հարեցան իրեն երիտասարդի մը քով ավելի վեհանձնություն գտնելու հուսով քան թե անոր կարծրասիրտ աղային մոտ որ զիրենք անողորմաբար կը կողոպտեր։

Այսպես անձայն ու անշշուկ իր հաշիվը հորեղբոր հաշիվեն զատեց ու անոր շուքին տակ մեծցավ ի վնաս հայրենի տոլապին։

Սարգիս աղան զգաց որ իր տակավ առ տակավ պակասող շահերուն ու այս վտանգավոր վիճակին գաղտնիքը եղրորորդվույն