Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քովն էր․ իր սենետները մեսյալ տառ մնալու կը դատապարտվեին․ ոչ ոք ստակ մը կը վճարեր առջի պարտքերուն համար. խանութին առնելիքները որ սարաֆի մը աչքին պատրաստ դրամե ավելի նվիրական են, փճանալ կսպառնային. թշնամին ներսեն էր, այս փոքրիկ վստահության զեղծումը տարապայման կերպիվ մեծցավ և աններելի ոճրի մը հանգամանքը ունեցավ իր աչքին, իր ուրիշները կողոպտելու միջոցն՛երով լեցուն միտքը չկրցավ ըմբռնել այս խաբեությունը երբ իրեն դեմ ի գործ կը գրվեր։

Խաբելն՝ միայն իբրև ներգործական ճանչցած էր. կրավորական ձևը տեսնելով կատղեցավ․ նախ վռնտել մտածեց Մարտիրոսը. հետո խորհեցավ որ հայտնի թշնամությամբ համարձակ հակառակորդ մը պիտի ըլլար իր դեմը. մեղմացավ, իրավախոհություն մը նախամեծար դատեց. Մարտիրոս իր կանխահաս ճարպիկությամբ հայրենի արյունը կը հաստատեր, շահու բաժին մը տվավ խանութեն ու դաշնակցությունը պատերազմին առաջքն առավ։

Բայց երբեք անառակությունը դրամ ծախսելու պատճառ մը չեղավ իրեն։

Փերայեն միշտ երկյուղ մը ուներ այս դրսեցին որ իր քսակին համար փրկավետ եղավ, երբեք չի հաճախեց այն հասարակաց տուներն ուր կյանքը ու դրամը հավասար շռայլությամբ կը վատնվին։

Ահա այսպես անցավ իր կենաց մեծագույն մամը. հարստացավ. այն ատեն ամենքը մոռցան իր աղտոտ գործողությունները, ամոթալի անցյալը, միայն սնտուկին լեցունությունը հիշելու համար, ոսկվույն փայլը իր խայտառակությանը աղտը աննշմարելի դարձուց։ Տարի մը հինգ ոսկի տվավ Հիվանդանոցին ու Պատրիարքարանը օրհնության կոնդակ մը խրկեց իրեն, լրագիրներն այս բարերարին անունը ամեն կողմ տարածեցին. Ակնեն ընտանիքը կարդաց ու պարծենցավ։

Հայրենիքեն դեռ իր եկեղեցասիրությունը ու բարեպաշտ սովորությունները պահած էր. ամեն կյուրակե եկեղեցին կը տեսնեին զինքը սև չուխա սեթրիովը դավթին մեջ կանգնած, հերազուրկ գլուխը բաց փղոսկրե գունտի մը պես փայլուն, ձեռքը