Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համրիչը, քթին տակեն մռմռալով՝ սեղանին կամ դասին մեջ ըսված աղոթքները։

Հիմա կատարելապես մեծ մարդ մէր, այսինքն ինչ որ կը հասկցվի մեծ մարդ ըսելով հայոց մեջ, ու Մարտիրոս էֆենտի, վասնզի էֆենտի էր հիմա, իր դերը կը կատարեր։

Գործի վրա խորհուրդ կուզեին իրմե, վեճերու մեջ իրավարար կը կարգեին զինքը իբրև անկաշառ մեկը Ազգին մեջ, ոչ վարչության անդամ էր և ոչ երեսփոխան։

— Ես ատանկ ցույցերե չեմ ախորժիր, ձեռքես եկածին չափ կաշխատիմ, առանց անդամ ըլլալու։ Ու մեկուսի, հպարտ, ազգային գործերու վրա հանդիմանական ձևով իր կարծիքը կուտար այն դործիչներուն որ կուգային ստակ ուզելու իրմե։

— Ատանկ ժողով չըլլար, ազգը պոշպողազներու ձեռքը մնացեր է։

Այսպես առանձին, անկախ, ու հզոր իշխանություն մը կլլար, զոր ամեն ոք կը ճանչնար ու կը հարգեր և թուրքերն ալ կը մեծարեին զինքը, անոր գռեհիկ մականունը կազնվացնեին, Տեվեճիզատե Մարտիրոս էֆ․ կոչելով զինքը։

Մեծ գործերու ձեռնարկած էր հիմա. կարևոր հաստատության մը հացը կը հայթայթեր և կը հարստանար գողնալով տեսակեն, քանակութենեն, իբրև ճշմարիտ պոլսեցի վաճառական մը, ու հետզհետե լինելով ճշմարիտ իշխան մը, ծախքը մեծցնելով, բազմաթիվ ծառաներով շրջապատյալ ու ձգելով իր Քում—Քափուի տունը ուր իր արդի մեծությունը չէր սղմեր, Օրթագյուղ փոխադրվելու համար։

Շատոնց լրագիրները վսեմափայլ կը կոչեին զինքը. ինքն իր երկաթյա քացային կրթնած իբրև անառիկ ամրոցի մը, ալ առաջվան պես սարաֆություն չէր ըներ գրեթե, բայց անհաշվելի առնելիքները անգանձելի մնացած էին և իր հինավուրց վաշխառուի միշտ դյուրազգաց մնացող սիրտը կարյունեին։

Բայց ոչ մեկ թվաբան բաղադրյալ տոկոսի հաշիվ մը իրեն չափ հաջողությամբ պիտի կրնար ընել։

Ստակին շահը, շահը դրամագլխեն ավելի նվիրական բան մը ուներ այս մարդուն համար, դրամագլուխը կորսնցնելու հոժար էր բայց տոկոսին դպչիլը մահացու մեղք էր։