Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասկից անկից տեսած փոքրիկ վնասներեն զայրացած՝ ապահովություն ապահովության վրա, գրավ գրավի վրա կը պահանջեր փոխ ստակ տալու համար։

Եվ հանձնառու կըլլային ամենքը վստահելով այս հարուստ մարդուն որ իրենց ավանդն ու գրավը յուրացնելու պետք չուներ, հանձնառու կըլլային այս մարդուն բոլոր անիրավ ու անտեղի պայմաններուն։

Իր գործողությունները, ամեն ավանդյալ գրավները ծախու առնելու ձևով տեղի կունենային, հասա խորդները միշտ պարտավոր էին հավատալ իր խոսքին թե գրավները պիտի վերադարձներ եթե իրեն պարտքը հատուցանեին։

Այս խստությունը, այս անվերջանայի պահանջումները, պայմանները, սենետները, ա՛լ ավելի վստահություն կը ներշնչեին հաճախորդներուն. իրենց ստացվածքին աչք տնկող մարդ մը այնքան դժվարություն չպիտի հարուցաներ քիչ մը ստակ տալու համար, այս համոզմամբ ադամանդները կը լեցնեին իր երկաթե սնտուկին մեջ։ Կալվածները յուր հորը անվան կը դարձնեին իբրև վերջնականապես ծախված, առանց փոխարեն թուղթ մը, գիր մը առնելու։

— Իմ տետրակիս մեջ գրված է, կըսեր սարաֆը վեհապանծ, ցույց տալով իր կաշեպատ տումարները, իբրև թե Ավետարանը ցույց տար այս միամիտներուն։

Բայց իր բոլոր հարստությամբը հանդերձ իր վաշխառուի հնավանդ տկարությունը կը պահեր միշտ ու երբ դիպվածով մեկը գար իր պարտքը հատուցանելու, այս պարտքը անհավատալի արագությամբ աճած ու բազմապատկած կը գտնվեր, հաշիվ ընելու հատուկ եղանակ մը ուներ այս մարդը՝ տոկոսը կը հաշվեր նստած տեղեն, մատերուն վրա համրելով անցած ժամանակը։

— Զիլհիննե, զիլքատե, շևվալ:

Եվ այս արաբական ամիսներուն անուններովը ու հասած եզրակացությամբը ապշեցնելով դիմացինը, իբրև թե արաբական տարին 14 ամիսե կազմվեր։

Վերջապես գումարը կորոշվեր, շահը շահին բարդված պարարտ գումար մը, զոր ամբողջապես իր ափին մեջը աեսնելե