Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջը միայն կը բանար իր սնտուկը. անել հորի մը պես ժամերով փնտրելով, հետո ակամա կարծես տիրոջը վերադարձնելով ձգված ավանդը։ Իսկ թուրք հաճախորդացը հետ միշտ համեստ ու երախտապարտ, կրկնելով մարդուն մեկնած միջոցին իր շնորհակալության ավանդական բանաձևը, ճիշտ այնպես երբ Մեծ Նոր-խանի մեջ հինգնոց մը պարգև կուտային իրեն։

— Պերեքեթ վերսին, էֆենտիմ.

Իբրև կրոնասեր և աստվածավախ մարդ չէր կրնար ամեն զվարճության մասնակցիլ. թատրոն կերթար միայն հինգերորդ արարվածին՝ չարագործներուն պատուհասը, առաքինիներուն երջանկությունը տեսնելու և հրճվելու համար, հոն սիրո տեսարանները զինքը կը գայթակղեցնեին, հիշեցնելով իրեն ամեն տարփանքե զուրկ մնացող պատանեկությունն, և դրգռելով իր նախանձաբեկ հոգին, վերջերը ակամա կը շարունակեր երթալ ո՛չ ալ բարոյականի հաղթանակը տեսնելու համար թատերաբեմին վրա, այլ կանանց սիրաբորբոք տկարությունները, պարտությունները լսելու, դիտելու, վայելելու համար, տեսակ մը անցյալի պատկեր որով կը վերադառնար իր երիտասարդ տարիներուն։

Այսպես կիներուն նայելու համար միայն հիմա կուգար ներկայացմանց, հետզհետե ավելի ջերմ կուսակից դառնալով թատրոնի, և իր օթյակեն՝ բերանը բաց, զմայլելով Նարդիկի հրապույրներուն վրա, և ապաժաման ցանկության մը բոլոր դառնությունը զսպելով սրտին մեջ։

Վերջեն չէր կրցած համբերել այս հանդիսատեսի դերին. իր ծանոթներեն մին միջնորղած էր Նարդիկի քով և Մարտիրոս էֆենտի հոժարությամբ բացած էր իր ամրակուռ քացան, լիաբուռն վատնելու համար հազար կեղեքումներով հավաքված ոսկին.

Գործի մեջ միևնույն հաստատ և հաշվող մարդն էր. Շաբաթ իրիկունները իր գանձման իրիկունն էր. Մարտիրոս էֆենտի իր պարտատերերուն ցուցակը ձեռքը՝ աչքե կանցըներ, անուննին կուտար, ոմանք իրենց պարտքը վճարած էին և ոմանք չէին երևցած դեռ իրիկվան ժամ 9ին. Շամլյաններեն՝ որոնցմե հազար