Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոսկվո չափ առնելիք մը ուներ, ոչ ոք եկած էր. Մարտիրոս էֆենտին կասկածոտ կատվի մը պես կը մռլտար.

— Ո՛ւր մնացին այս Շամլյանները. ալ համը հոտը փախավ։

Քառորդ ժամ մ՛ալ սպասեց, հետո Աբրահամը խրկեց․

— Կես ժամեն Հովակիմ աղան պիտի գա, պատասխան եկավ։

Մարտիրոս էֆենտի թաց տեղը պառկող մարդ չէր. իր առնելիքին փոխարեն Շամլյաններուն Օրթագյուղի մեջ բնակած տունը իր հոր անվան գրավի առած էր. կարող էր ի հարկին Դամասկոս վերադարձնել բոլոր Շամլյանները և տունը գրավել։

Եռահարկ գեղեցիկ տուն մը, ուր պիտի կրնար ինքը փոխադրվել, տան վարձք վճարելե ազատիլ. այո, ըլլաքիքը այս էր, ապագան տեսնելու, գուշակելու մեջ մեկ հատիկ էր սարաֆը, այս Շամլյաններուն գործը ձախորդ կերթար, դրամական անձկություննին կավելնար։ Ասկե անկե փոխ ստակ կառնեին միշտ իրենց վճարումները անխափան շարունակելու համար։ Ծանր տոկոսներ կուտային։ Սարաֆը ամեն ինչ կիմանար։ Հովակիմ աղա ներս մտավ տրտում, մտախոհ, բարեվեց, հետո դրամի խոսքը բացավ։

— Այս շաբթու մեջ զիս պիտի սեղմես, սկսավ վաճառականը։

Մարտիրոս էֆենտի իր անկյունին մեջ բոլորած, ամփոփված կը կենար նետվելու պատրաստ պոայի մը նման, առանց մտիկ ընելու ըսած խոսքին։

— Ո՞րչափ ստակ բերիք։

Շամլյան իր դժվար վիճակը կրկին կը հայտներ։

— Այu շաբթու...

Սարաֆին դեմքին վրա քիթը երկնցավ մինչև թուշը հասնելու չափ, աչերը ավելի մանրցած,

— Այդ բանը չընես հա՜, կը նեղանամ։

Կը նեղանար, այո՛, սարաֆը նեղացնելու չէր գար, ահարկու սպառնական բան մը կար այս պարզ խոսքին մեջ «կը նեղանամ», որ կը գիշատեմ կը նշանակեր հոս։

Շամլյան կաղաչեր, պատճառներ կը համրեր, հույսեր կուտար․