Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մյուսը՝ անդրդվելի, հետզհետե կը խոժոռցներ դեմքը, խոսքը դառնացնելով. առաջի օրեն երբ ստակ ուզած էին իրմե միթե չէ՞ր ըսած որ ժամանակին չի պիտի կրնային վճարել. այն ատեն խոսքով երդումով խաբեր էին զինքը և ահա հիմա ասով երկու շաբաթ կըլլար որ փախուստի դուռները կը բացվեին. գուշակությունը, կասկածները կիրականանային. ո՛չ, չէր կրնար սպասել։

Մյուսը՝ կը կարմրեր, կը քրտներ խստապահանջ դրամ էստերին դեմը, խոնարհելով անոր գանգատներուն առջև որոնք ավելի նախատինքի կը նմանեին։ Գալ շաբթու, գալ շաբթու անպատճառ պիտի վճարեր։

— Ո՞ւսկից, կը հարցներ Մարտիրոս բրտությամբ։

Վաճառականը կը պարտավորեր իր բոլոր գործերուն համարը տալ, գալիք ապրանքներուն, դրամներուն Հաշիվը բացատրել. կը հիշեցներ նաև իրենց Օրթագյուղի տունը գրավի դրված պարտքերնուն փոխարեն, վերջապես տոկոսի նոր հավելում մը եղավ, հաշտվեցան. նախատինքներն վերջը բարեկամությունը սկսավ։ Մարտիրու էֆենտիի շրթունքեն հիմա մեղր կը հոսեր, քաղցրությամբ, մտերմությամբ խրատ կուտար Շամլյանին, Արմենակին հարուստ աղջիկ մը գտնելու էր, և Տեմիրճյանին աղջկան վրա դարձավ խոսքը։

Հովակիմ աղա իր սիրտը բացավ.

— Իմ բոլոր հույսս ան էր. բայց ետ մնաց։

Մարտիրոս էֆենտի աշխատելու, չի հուսահատելու խորհուրդ կուտար։

Հովակիմ աղա մեկնեցավ. խորհելով իր տեսած նախատանաց և մոտավոր ապագային վրա որ ավելի ևս դժնդակ ու ահավոր կերևար։

Շոգենավին մեջ մարդու հետ չի խոսեցավ. տունը՝ ճաշին տակ լուռ ու մունջ էր. կը մտածեր որ ոչ իսկ այս բնակարանը իրենցն էր այլևս, իրենց առևտուրին մեջ հազիվ երեք հազար ոսկվո չափ գումար մնացած էր նախորդ հարստութենեն. ստակի նեղությունը, վաշխառուներու հարկը կուտեր կը հատցներ իր բոլոր աշխատության շահը և վնաս կը մնար միշտ. Արմենակին Մանչեսթրի մեջ պարտքերուն վճարումն ալ դրամագլխեն