Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկ մասը տարած էր. և մեծ փոխառությամբ մը միայն իր պատիվն ու անունը մոտալուտ աղետե պիտի կարենար ազատել։

Իր հույսը նորեն դարձավ Տեմիրճյանին հետ խնամության մը վրա. բան մը չըսավ իր կնոջ ու զավկին. բայց ճաշեն ետքը ելավ փռեֆի երթալու, և Արմենակին ըսավ որ մեկտեղ գա ինքնիրեն կը մտածեր որ ինչո՞ւ իր տղան չի կրնար այն աղջիկին սիրտը շահիլ։

Փռեֆին մեջ կորսնցուց. կորուստ ամեն կողմեն. չար ոգի մը կը հալածեր զինքը. բայց այն իրիկուն Արմենակ բավական երկար խոսեցավ էլպիսին հետ, գգվելով ողոքելով հարուստ աղջիկը իր ճենթլմենի ձևերով։

— Անշուշտ, օրիորդ, իրավունք ունիք, оրիորդ։

Էլպիս Եվրոպան չէր սիրեր, Պոքիսեն չէր զատվեր, երիտասարդը չէր կրնար հակառակ խոսիլ։

— Ճշմարիտ է, օ՛րիորդ, բայց Մենչեսթրը. առաջին վանկը՝ մենը կը շեշտեր սովորապես Մանչեսթր ըսողներուն սխալը հասկցնելու համար։ Ա՜հ, թե որ Անգլիան տեսներ, ապահովապես պիտի հավներ։ Եվ կը համոզեր իբրև թե այս վայրկենին օրիորդ Տեմիրճյանը առնելո՛վ Անգլիա տանել առաջարկեր։

Ոչ ոք սակայն Արմենակի չափ ստույգ և իրական սարսափ կզգար Մանչեսթրեն. իր Քուին-սթրիթի բնակարանին մեջ ի՜նչ տագնապներու հիշատակները թողած չէր. ո՞վ ըսավ որ զվարճանալու համար գացեր էր Անգլիա. այո՛, Շամլյան վաճառատան Ընդհանուր ծախքի հաշվեգլխույն մեջ անցուցած էր անգլուհիներու համար վատնա՛ծ դրամը, հորը թևարկութենեն նոր ազատող երիտասարդի շռայլությունները, հետո քայքայված առողջությունը դարմանելու համար Փարիզի, Վիեննայի բժիշկներուն վճարած անհատնում ստակները, այո՛, ստույգ էր այս ամենը, բայց թե որ տեսնային զինքը, ինչպես ամեն չորեքշաբթի և ուրբաթ Պոլսեն թղթատար շոգենավին հասնելուն կը վազեր նամակատուն, գործարանին տիրոջ տրվելիք ստակը Պոլսեն մոռցած ըլլալնուն վախովը սրտատրոփ, և նամակը կշռելով գգվելով ձեռքին մեջ, դուրսեն, վայրկյան մը առաջ