Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առած դասերն ու խրոխտ մեծամտությամբ մի առ մի թվեց այն կարևոր գիտելիքները զորս ինքը կուսաներ, Ֆրանսայի պատմություն, Ֆրանսայի աշխարհագրություն, Ֆրանսայի գրականություն ու Պապական եկեղեցվույն սրբազան դավանանքն, ահա՝ ինչ որ այս կանուխեն օտարացյալ աղջիկը թվեց իր ապշյալ ընկերուհվույն. նույն իսկ ֆրանսացի օրիորդ մը պիտի նախանձեր այս արևելքցի ֆրանսուհվույն վրա։ Ֆրանսայի հետին գետակը, սարն ու ձորն, ամենեն աննշան ավանը ծանոթ էին այս հայուհվույն՝ որ իր հայրենյաց Արարատը չէր դիտեր և չէր ուզեր գիտնալ։

Սուրբիկ ապշեցավ, ամչցավ ու զայրացավ, մինչդեռ ամբարտավան պարմանուհին իր չգիտցած հայերեն բառերը կոպիտ ու սխալ արտասանությամբ մը կրկնելով անոնց տգեղությանը վրա կը ծիծաղեր ու հայերեն չգիանալուն վրա կուրախանար։ Արդեն ապագայի պատրաստությունները տեսեր էր. պիտի ամուսնանար եվրոպացի երիտասարդի մը հետ որ զինքը պիտի տաներ այն գեղեցիկ ու պաշտեցյալ երկիրն որուն ամեն բան զոհելոլ պատրաստ էր. հայ երիտասարդաց հետ ամուսնանալ, ազգային պարոններու հետ կենակցիլ, ահա այն սարսափելի հավանականությունը՝ զոր բնավ չպիտի ընդուներ։

Բայց ինչ որ անհանդուրժելի թվեցավ Սուրբիկի, այն նախատալից անտարբերությունն էր որով իր հայրենյաց հիշատակությունը լսեց այս խորթ ու անհարազատ զավկին բերնեն և Սուրբիկ այլևս չտեսնվեցավ անոր հետ։

Ինք՝ մոտեն տեղյակ էր հայոց գրական գործունեության, ամեն նոր երկ կամ պարբերական հրատարակություն իր հետաքրքիր նայվածքեն չէր վրիպած և Սեդրաք հմուտ դատավոր մը ու լավագույն առաջնորդն էր անոր գրական պարապմանը մեջ. իրիկունները ճաշեն վերջը Սեդրաք Սուրբիկի տունը կերթար. որվան լուրերն աչքե կանցունեին, ու հետո ձմեռը, վառ ու ճարճատուն վառարանին ջերմությանը մոտ, նոր հրատարակություններով ծածկված սեղանին շուրջը, կսկսեր այն ջերմ, լուրջ ու հմտալից խոսակցությունն որ մինչև կես գիշեր կերկարեր։ — Ընդհանրապես կը գանգատեին որ բուն ազգային գրականութենե