Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մավելի օտարամուտ ոգի մ՛էր որ հայ հեղինակաց ջարադրությանց մեջ երևան կելներ։

Երբեմն գիտությանց և ուսմանց վրա կը դառնար խոսակցությունը. պարմանուհին, իր սեռին հատուկ բարեպաշտությամբ, ըստ կարի կը դիմադրեր այն կտրուկ վճիռներուն՝ որով գիտությունն իր անխուսափելի ճշմարտությունները կը ծանուցանե. երկրաբանութենե մինչև աստղաբանության վրա կը խոսեին և Սեդրաք իր բարձր կրթության շնորհիվ մի առ մի կը բացատրեր այն անողոք ու մշտնջենական օրենքներն՝ որով անհունապես փոքրիկ հյուլեն ու անհունապես մեծ տիեզերքը միևնույն ներդաշնակությամբ կը կառավարվին։— Ընկերական կենաց մշտահույզ խնդիրներն ի կարգին վիճաբանության նյութ կը լինեին, ազգաց ճակատագիրն, անհատներու ազատությունը, լեզվի ու կրոնքի տարբերությունն հետզհետե կը քննվեին։ — Սուրբիկ հուզյալ ձայնիվ կը պաշտպաներ աշխատավորներու տառապյալ դասն ու հարստության ի գործ դրած բռնության դեմ կորոտար, մինչդեռ երիտասարդն հանդարտ ձայնով կը բացատրեր տնտեսական գիտության այն ամենանվիրական սկզբունքն որ ամեն առուտուրի ազատությունն հարգելու մեջն է և տրտմությամբ կը թվեր այն տարբեր տարբեր պատճառներն որոց մեջ փնտրել պետք է թշվառությանը գաղտնիքը։

Այսպեսով և եվրոպացի հեղինակներու ընթերցանությամբ ստացավ ծաղկահասակ աղջիկն հիմնավոր ու առողջ կրթության մը բոլոր տարերքը։

Սուրբիկ միանգամայն վարպետ գրչի տեր ու մանավանդ տաղանդավոր դաշնակահար մէր։ Դաշնակը փոթորկյալ կամ հանդարտ ծովու մը պես կը պատկերացներ անոր մրրկոտ կամ անդորր ոգին, անզգա գործիքի մը ձայնը չէր որ կը բարձրանար, այլ անոր ճարտար ու փափուկ մատներեն դղրդված անբացատրելի ու հմայիչ ներդաշնակություն մ՛էր հնչուն, պայծառ ու ազատ որ կը սավառներ ունկնդրին զմայլած հոգվույն վրա։ Իր ամենեն սիրած վարպետը Մենտելսոնն էր, վասնզի Սեդրաքի սիրածն էր այն, ճաշեն վերջն երբ խոսակցությանը նյութն սպառեր ու կամենային հանգիստ առնուլ, այն ատեն