Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գուշակելու համար ակնկալած փոխանակագիրը կը պարունակեր թե ոչ, վասնզի կատակե չէին ախորժեր այս անգլիացիները, բնավ չէին ախորժեր։ Մինչդեռ Պոլսեն իր հայրը Հովակիմ աղա՝ ծույլ և անփույթ, աճապարելու պետք չէր տեսներ, Չաքմաքճըլարի խանութին մեջ նստած կը բարկանար Արմենակին և այս խոսք չի հասկցող անգլիացիներուն դեմ, պոռալով.

— Փաթլամիշ չեղան ա՛, գալ փոսթայով թող ըլլա։

Եվ երիտասարդը Անգլիո անթույլատու և աններող սովորությանը ենթակա, չի կրնալով իրենց համեստ դրամագլխով ձեռնարկած առուտուրին բավել, Պոլսեն ցույց տրված անփութությանը տոկալ, օրն ի բուն իր գրասենեկին մեջ կծկտած տետրակներու վրա կորաքամակ, երեսը կը պահեր առնելիքվորներեն որ շաբաթ օրերը կուգային գրասենեկին դրան վրա կապույտ գիրերով նշանակյալ հրավերին համեմատ, «Վճարմունք շաբաթ օրը ցորեկեն վերջը ժամը 2են մինչև 4»։

Կը պատահեր որ թղթատարը չի բերեր Պոքսեն կրկին և կրկին պահանջված դրամները, և այն ատեն գերագույն ճիգ մը ընելու կը հարկադրվեր, ամենեն անձուկ վայրկյանը իր կյանքին. դուրս կելլեր իր դրամատունեն վարկի հավելում ուզելու համար, Ճոյընդ-Սթոք պենքեն Քինկ-սթրիթի մեջ. հոն կը հնչեցներ զանգակը. Մենեյճըռը կընդուներ զինքը, բարեմտությամբ ունկնդրելով իր պատմությանը. Պոլսեն այս անգամ դարձյալ ռըմիզ չէին հասցուցած բայց ութ օրեն անպատճառ պիտի խրկվեր. ի՜նչպես կարտասաներ, ի՜նչ անկեղծությամբ, սրտին հոգիին խորեն այս «անպատճառ» բառը և տեսնելով որ Մենեյճըռը կը շարունակե ունկնդրել, իրենց վաճառատան պատիվը կը հիշեցներ, Շամլյան անունը միշտ անաղարտ և անբիծ մնացած էր և պիտի մնար։ Մենեյճըռը իրենց հաշվընթացը աչքե անցընելու կերթար և ինքը կսպասեր ընդարձակ և թափուր սենյակի մը մեջ ուր վառարանին լույսը կը ցոլար, իր տասնապատիկ մեծցած ստվերը պատե պատ, գետնե գետին կը տաներ կը բերեր, կը քրտներ երիտասարդը այս խոնավ ու ցուրտ սենյակին մեջ, ամեն հոս եկող կը քրտներ, սպասելով գալիք պատասխանին, «այո»ին կամ «ոչ»ին։