Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս կերպ նեղություններով Մանչեսթրի մեջ ավարտած էր իր կայանքը, որպես պարտ է ընել ամեն պասմանի վաճառականի տղա, չորս տարվա մեջ Եվրոպիո աղտն ու մուրը, հիվանդությունները հավաքելե վերջը իր ապիկար անձին վրա։

Հաջող ամուսնության մը ակնկալությամբ կը դառնար Պոլիս, երկայն, սև, փայլուն գլխարկով որուն տակեն կարծես իր էսնաֆդ փյուսկյուլը դեռ կը ծածաներ, երկկողմանի ու տափակ մորուքին մեջեն ցույց տալով կզակը՝ ածիլված, մաքուր, կորովի, ճշմարիտ մսակերի կզակ, ալ թողած էր անգլիական ոստանն և փրկված անոր հատուցման անողոք պայմանաժամներեն։

Անտեղի սնապարծության մը համար ուրեմն կը գովեր էլպիսին բրիտանական մառախլապատ երկինքն։ Հոժարակամ տեղեկություն կուտար Եվրոպիո ամեն մասերուն վրա. գրական, արվեստական նորությունները կը հիշատակեր. Վակնեռի նոր օփեռային և զվիցերական դաստիարակության վրա՝ հավասար դյուրությամբ կը ճառեր. Տեմիրճյանին Անգլիո երկաթագործական արվեստները կը թվեր, կը բաղդատեր Պելճիո հետ. Ստեփանիկ աղային արժեթղթոց վրա շահադիտական նոր ծրագիրներ կը պարզեր, առիթ, վայրկյան չի փախցնելով իր հմտության ապացույցները տալու ամենուն։

Փռեֆ չեղած իրիկունները նորեն Տեմիրճյաններուն կերթար՝ տիկնոջ հետ, օրիորդին հետ խոսակցելու, քաղաքավար ձևերը, բարեկեցիկ վարժունքը ավելի ևս նրբացնելով, մեծարանքի, փայփայանաց շրջանակի մը մեջ պաշարելով մայրն ու աղջիկը, և շարունակ լռելյայն բաղդատության մը հրավիրելով զանոնք իր անձին և իրենց փեսացուին մեջ։

Ստեփանիկ աղա՝ տիկին Տեմիրճյանի հայտնի կուսակցութեն են քաջալերված, Արմենակ Շամլյանի պաշտպան կը կանգներ, գովեստը շռայլելով։

— Էլմասի պես տղա է։

Այնչափ որ կյուրակե օրերը Լեռնի այցելությունը տանը մեջ անուշադիր կանցներ, անկարևոր կը դառնար, էլպիս՝ Արմենակը