Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտիկ կըներ, մայրը ահով կզբաղեր և չէին բռնադատեր, ստիպեր զինքը կենալու առաչվան պես երբ գանձապետը գիշերը Պոլիս դառնալու կելլեր։

Օրթագյուղ Պոլսո հայոց Ֆոպուռ Սեն-Ժերմենն է. այն երկու բլուրներեն որք հսկա թռչնո մը պարզված երկու թևերուն պես կը բարձրանան ծովեզերքեն, և որոց մեջ բացվող խոնավ ու մթին ձորը մինչև նավամատույցը կը հասնի, աջ կողմինն է, ազնվական թաղը։ — Խողովակներու պես նեղ, կիրճերու պես երկարաձիգ ու խորտուբորտ փողոցներով, գրեթե քարահատակ սանդուխներով ձևացած թաղ՝ ուրկե իր անունը՝ Թաշ-Վերտիվեն։

Հպարտ ու մահաբույր հով մը կա այս թաղին մեջ, անշարժության հովը։

Անջատ պարտեզներու մեջ բարձրաբերձ պատերով զատված փայտաշեն, մեծատարած տուներ որոնք իրարու վրա կը նային, իրարմե կզգուշանան, կը քաշվին։

Ամայի փողոցներուն մեջ անցուդարձ չի կա ու այս միայնությունը տաճիկ թաղերուն լռությունը ու մելամաղձոտությունը կը հիշեցնե հեռուեն։

Բայց տուներուն մեջ կյանքը հուզյալ ու արկածալից է միշտ, ներսի եռանդը՝ դուրս ի անտարբերության պակասը կը լեցնե ու կավելնա, բայց օտարական մը այս հին շենքերը, ամայի թաղը տեսնելով պիտի կարծե թե անոր բնակիչները շատոնց մեկնած են այս տեղերեն։

Բնակիչները իրենց շենքերուն հանդարտ ու հպարտ երեվույթը ունին. վազող, աճապարող մարդ չի կա հոն. հանդարտաքայլ, ծանրախոհ ու մտազբաղ են ամենքը, եթե ոչ նոր. գեթ մաքուր ու կոկիկ հագված, քիչ խոսող, ցած ձայնով, դրացինը անհանգիստ չընելու երկյուղով, այս մարդիկը՝ քաղաքավարությունը ամեն առավելության կը նախադասեն։

Չեն կռվիր, չեն հայհոյեր. պարոնը կըսեն մեկու մը խոսած ատեննին, էֆենտին կըսեն դիմացինին. Օրթագյուղի խանութպաններն