Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգամ ուրիշ տեղերու մարգոց չեն նմանիր. սըրճարանը ուր կիրակի օրերը միայն ոմանք կերթան, ձայն ու ձուն չիկա, խելոք կերած տղոց վարժարանի մը պես, սպասավորները չեն պոռար բարձրաձայն ապսպրված ըմպելիքը, լրագիր ընթերցողները կամ խոսակցությունները չի շփոթելու համար, այլ հուշիկ ու զգույշ կը մոտենան քովդ, դավադիր մեկ անցախոս բառը հաղորդելու ձևով, ցած ձայնով կամքդ կիմանան ու կամացուկ մը կը գործադրեն։

Օրթագյուղցին՝ իր թաղեն դուրս զբոսանք և հաճույք չունի, կը սիրե իր գեղին օդը, դիրքը, ձևը ու բնակիչները, ման գալու համար իր Փանկալթիի պարտեզը ունի, ներկայացմանը համար իր թատրոնը, եկեղեցին ու դպրոցը փոսի մը, գրեթե անդունդի մը մեջ շինված են. հոս՝ անդունդը կը լուսավորն բարձունքը, և կռնակը բարձրացող սեպացյալ լերան կուշտին վրա հայոց տուները դեպի իրենց եկեղեցին կը ծռին, կը նային շարունակ։

Օրթագյուղ խոսակցությանը գյուղն է. օրվան դեպքերը, լուրերը կիմացվին կը քննադատվին հոն, հասարակաց կարծիք մը կը գոյանա իսկույն։

Քաքմաճյան բնակության լավագույն կենտրոնը ընտրած է, իրիկունները տուն դառնալուն իր կնոջմեն կիմանա անցած դարձածը. և հիվանդ զավկեն մահճին քով նստած մտիկ կընե օրվան համարատվության. ինքն ալ իր կողմե պատմելու համար իր շան տանջանքը, ամեն ավուր կյանքը։

Սենյակին երկու պատուհաններուն վարագույրները բացված են, դյուրացնելու համար անշուշտ լույսին մուտքը, զոր եկեղեցվույն պատերը կարգիլեն իրենց ներկին դեղին ցոլացումը խրկելով անոր տեղ։

Պզտիկ բարվոքում մը կա այսօր Նոեմիի վիճակին մեջ. մայրը հազար պաղատանոք համոզած է զինքը անկողինեն ելլել, և նորատի աղջիկը հիմա իր սովորական անկյունի բազմոցին վրա է, գլուխը ձգելով բարձերու կույտի մը վրա զոր մայրը հիվանդին նիհար մարմնույն, ոսկորներուն խնայելու համար գիզած է հատկապես։