Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անկողինը անդին կը պահե անեղծ հիվանդին թողած գոգաձև կաղապարը և բարձր անոր հեք գլխուն դրոշմը, մահճակալին քովի սեղանին վրա դրված են դեղերու շիշեր, տուփեր իրենք կուրծքին վրա փոքրիկ նարնջագույն ծանուցումով, կարմիր վերքի մը պես, դեղարանին անունը ու դեղին առնվելուն եղանակը բացատրող, ասոնց հոտերը, քրտինքի բուրում մը առկախ կը կենան փակ պատուհաններով բանտարկված օդին մեջ։

Ֆուլիկ հանըմ իր զավկին մոտ կը կենա, հետևելով անոր ամեն մեկ շարժումին, շունչին, գուշակելով ամեն կամքը, ու կեղծ զվարթության մը տակ պահելով իր կսկիծը, ձեռքը՝ Նոեմիին ճակտին վրա կերթա միշտ տեսնելու համար ջերմին գալը որ այսօր կուշանա, կուշանա, հույսը կուգա իր մայրական ողորմելի սիրտը բերկրությամբ լեցնելու, չի պիտի գա ջերմը այսօր և չի պիտի գա վաղը, մյուս օր. պիտի փրկվի զավակը, այս ամենը կոպան իր մտքին առջև իրականացած, զավակը կը տեսնե ոտքի ելած, հագված, շքված գեղեցիկ նազելաճեմ հասակովը գյուղին աղջիկներուն նախանձը շարժելով։

Դուռը կը զարնեն. Գալուստյան Գևորգն է որ իր խմբագրապետին աղջկան հիվանդտես կոպա և զվարթ բնավորության ուրախությամբը այս ցավերով լեցուն սենյակին տրտմությունը պահ մը կը փարատե։

— Տեսա՞ր մի, այսպես քաջ եղիր քիչ մը, ել նստե։

Հիվանդը կը ժպտի և այս ժպիտը իր այտերուն ոսկերոտիքը դուրս կը հանե։

Ֆուլիկ հանըմ լուր կը հարցնե։

— Ի՜նչ լուր, ազգային գործերե զզված ես անշուշտ, նվաստություն ու վատություն ամեն կողմ, ահա բոլոր մեր կյանքը. ուրախանալու խնդալու բան չի կա այն կողմը, ուրիշ տեղ նայինք։

Եվ կը նայեր հիվանդին անոր նշաձև սիրուն աչքերը դիտելով որոնք հորը ինկած էին, բայց պահելով միշտ միամիտ նայվածքի մը քաղցրությունը, մութ փոսե մը բխող վճիտ ջուրի մը պայծառությանը պես դաստակներուն վրա երակները՝ բաց կապույտով նուրբ մորթին վրա կը գծագրեին իրենց առուները