Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը զարներ այն սոնաթներեն մին՝ որոց տրտմությունն ու վսեմությունը միշտ գաղտնիք մը պիտի մնա ամենուն համար։

Հազվագյուտ բացառությամբ մը պատանուհին զերծ էր այն ողբալի ազատամտութենեն՝ որով նորատի աղջիկներն ու պառավ կիներն իգական սեռին անհավասարության դեմ կը բողոքեն շարունակ։

Աշխարհիս վրա աղջիկը՝ պահանջող, պառավը՝ գանգատող պիտի մնա հավիտյան։

Ոչ մեկ գար, ոչ մեկ լուսավորություն պիտի կարենա երբեք գոհացնել այս երկու անձնավորությունները զորս բնությունը միևնույն դժգոհության շրջանակին մեջ միացուցած է։

Աղջիկն՝ հույս ունենալուն վրա կը զայրանա, պառավը չունենալուն համար, ու այս երկու հակառակ պահանջումները միևնույն բողոքով երևան կելնեն։

Դիտեցեք որ երբեք մանկամարդ ու ամուսնացյալ կին մը իգական սեռին գերության վրա չի խոսիր. երիտասարդությունն ու ամուսնությունը կնոջ ամենազորության միջոցն է. բայց ամեն իշխանությունն իր անկումն ունի ու զարմանալի չէ որ տարիքնին առնող կիները, զուրկ ամեն թեկնածութենե, անհամ ու անկարգ գտնեն այն ընկերական կյանքը՝ զոր իրենց երիտասարդության ժամանակ այնչափ հրապուրիչ կը գտնեին։

Սիրող հոգիները միշտ անձնվիրության պատրաստ են ու Սուրբիկ այս անձնվեր էակներեն էր․ բնությամբ խրոխտ, այլ վեհանձն հոժարությամբ երիտասարդին գաղափարաց բարձրությունը ճանչցեր ու մեծարեր էր, առանց սնոտի հպարտություն մը ցույց տալու։ Սակայն այս խորին մտերմությունն առանց վտանգի չէր։ Այս փոխադարձ հարգանքն ու համակրանքն, երկու ծավալման կարոտ հոգիներու ամենօրյա միությունը, տարիքնին, գաղափարաց ու զգացմանց ներդաշնակությունն անքակտելի կապ մը հառաջ բերին։

Պատանուհվույն հրաշալի գեղեցկությունը Սեդրաքի խելքը գլխեն չառավ, բայց անոր գորովալից մտերմությունը զայն շղթայեց ու աշխարհ այս աղջկան վրա միայն հիմնված երևցավ անոր աչքին։

Սեգրաք ու Սուրբիկ զիրար սիրեցին, բայց այս սերը չէր