Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն վաղանցիկ ու խաբեբա ավյունն՝ որ հովի պես կուգա որ կանցնի, այլ խորին, սուրբ ու հոգեկան միավորություն մը։

Ահա այս պատճառով Սեդրաքի բաժանումը գժնդակ զրկում մը դարձավ, ընտանեկան գորովե արդեն զուրկ, կարոտ մնաց նաև այն միակ երեսին որ իրեն կը ժպտեր։ Անցյալ օրերու հիշատակն հեռավոր ու կորուսյալ երջանկության մը պատկերին պես անոր շփոթ մտքին մեջ կը նկարվեր։ Հայտնի եղավ որ չի պիտի կարենար անկե զատված ապրիլ։ Գաղտնի նամակագրություն մը ըստ կարելվույն մեղմացուց այս անջատման ցավն։ Երկար և անվերջանալի նամակներ էին ասոնք զորս ամեն գիշեր կը գրեր, իր հոգվույն ամեն տպավորությունները, սրտին դառնություններն, հույսերն, պատրանքն և ցնորքը ցրվելով թոթափելով անզգա թղթին վրա. սիրո բառ մը չի կար այս դրությանը մեջ, ոչ. սիրելը շատ չնչին, շատ տկար բառ մ՛էր որ իր անհուն խանդաղատանքը չէր կարող բացատրել, և ոչ մեկ բառի մեջ, և ոչ մեկ նամակի մեջ կարելի էր ամփոփել իր փոթորկյալ հոգին։

Սուրբիկի նամակները միևնույն խռովյալ արձագանքները, միևնույն անհուն անձնվիրությունն ու ապագայի մտահոգությունները կը պարունակեին.

«Սիրելիս, քու սիրովդ ու հմտությամբդ սնուցիր զիս. հիմար եռանդով մը նետվեցա ամեն գաղտնիք իմանալու, դուն քովս էիր ու ամեն ինչ ուսուցիր ինձ. խրոխտ, գիտուն ու սիրեցյալ առաջնորդ մէիր, ահավոր վարդապետություններ ունեիր լեզվիդ ծայրն որք քոլ բերնիդ մեջ իրենց սոսկումը կը կորսնցունեին. իզուր ուզեցի մաքառիլ անոնց դեմ, քու սերդ հաջողեցավ ընել ինչ որ հմտությունդ նախապաշարմանցս դեմ չէր կարող ընել, համոզվեցա քեզի։ Կապված էի քեզի այն միակ սիրով զոր երիտասարդուհին երկու անգամ չունենար իր բոլոր կյանքին մեջ. մոտ թե հեռու միշտ պաշտեցյալ հիշատակ մունիս սրտիս մեջ զոր երկյուղած բարեպաշտությամբ կը պահեմ»։

Ուրիշ նամակի մը մեջ այսպես կըսեր. «Ո՞ւր ես, Սեդրաք։ Ձմրան գիշեր է ցրտին, ձյուն ու բուք կը տեղա, ի՞նչ կընես առանձին ու մթին սենեկիդ մեջ. այս տունը բանտ մ՛է նսեմ