Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քանի որ հոս չես. ծնողացս սերը չի լնուր այն պարապը զոր դուն թողուցիր։ Չըլլա թե հուսահատ քաջությամբ, չափազանց աշխատությամբ առողջությունդ վտանգես։ Անձիդ տըրված հարվածը միայն քեզի չպիտի զարնե»։

Եվ այլուր. «Լսեցի քննությանցդ հաջողությունը, մաթեմաթիքը միշտ կը սիրեիր, ու ճշմարտության գիտությունն է կսեիր. կը տեսնես թե ինչպես կը հիշեմ բոլոր խոսքերդ, սակայն չըլլա թե այդ պարապմունքը Սուրբիկդ մոռցնել տա քեզ։ Ես կուզեմ որ քու համբավդ այնչափ մեծ ըլլա որչափ մինչև հիմա տեսած զրկումդ։ Քու անունդ պետք է, կուզեմ որ մեծարանոք հիշվի ու ես անով պարծենամ»։

«Դուն հարուստի աղջիկ ես, կը գրեր օր մը անոր երիտասարդը, ես ալ հարուստի որդի էի, բայց հիմա ոչինչ եմ. ատեն մը չէի և հիմա ալ չեմ տար կարևորություն հարստության, բայց թե որ միջոց մ՛է այդ քեզ մոտենալու, Սուրբի՛կ, հնդիկ իշխանի մը չափ հարուստ պիտի ըլլամ։ Անվան ու փառքի հետամուտ չէի և չեմ, սակայն եթե քու ծնողացդ աչքին այդ է այն պատվանդանն որով մինչև քեզ բարձրանալ ներյալ է, լա՛վ ուրեմն, պիտի մոռնամ, պիտի փակեմ սիրտս, ու միտքս միայն մաշեցնելով պիտի ստանամ այն դիրքը զոր ընկերությունը կը պահանջե նորեկներն»։

Այս հաստատ համոզմամբ ձեռք զարկավ իր երկրաչափական ուսմանց զորս քանի մը տարիեն աննման հաջողությամբ մը պիտի ավարտեր, և Համալսարանին մեջ ճանչցավ Տիգրանն ու սիրեց զայն եղբոր մը չափ։ Այս երկու պատանիներն այնչափ ավելի զիրար կը սիրեին որքան մինչև ցայն վայր զլացված էր իրենց ամեն գորովանք։ Իրարու համար գաղտնիք չունեցան և ոչ մեկ ժամանակ։

Տարիքի պզտիկ տարբերություն մը պատճառ չեղավ իրենց սրտի կապերը միմյանց հաղորդելու. Սեդրաքի նոր բարեկամն անոր սփոփանք ու քաջալերության օրինակ մեղավ և անոր զվարթ ու խնդուն երեսը՝ մասամբ թեթևցուց ուսման տարիներու աշխատությունն ու տխրությունը։

Տիգրանի միջոցավ ծանոթացավ նաև Խոսրովին հետ որ նույնպես զվարթ ու զվարճախոս ուսանող մ՛էր, և այս ընկերական