Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հուզմունքը. — Կարելի՞ բան է որ Չինաստանի մեջ հայեր ու բազմաթիվ հայեր, հայ գաղթականություն մը կը գտնվի ու տեղեկություն չունենանք, պիտի գոչեն ամեն կողմեն։ — Ոչ, կատակ մըն է այս, պիտի պատասխանն ուրիշ մը, բայց անախորժ կատակ մը, քանի որ հայկական գաղթականություն մը ծաղրի նյութ կընտրե։ — Ինչ որ ալ ըլլա՝ ծիծաղելի է, պիտի ավելցնե երրորդ մը։ Ծիծաղելի կամ ոչ։ Չինաստանի մեջ բազմաթիվ հայոց գաղթականությունը իրողություն մըն է. եթե կանոնավոր հարաբերությանը պակասությունը չէր ծանոթացուցած զանոնք մեզի, պատճառ մը չկա որ ասկե վերջն ալ հարաբերություն չունենանք անոնց հետ. Փեքինի մեջ ալ ազգային կյանքը Պոլսո կամ Թիֆլիսի հայոց կյանքեն ավելի վառ ու փայլուն է։

Այս նոր հայոց աշխարհը գտնելու համար պետք չեղավ ինձ Քոլոմպոսի նման հանծանոթն դիմել։

Իմ հայ չինացի բարեկամներես Մեծապատիվ Չիու-չի, որ Փեքինի գիտուններու ժողովին անդամ է և տեղական ազգային գործերուն լիովին հմուտ, և որուն հետ թղթակցության մեջ եմ, իր նամակներով պետք եղած ծանոթությունները տվավ ինծի Չինաստանի հայոց կյանքին նկատմամբ, որով՝ անոնց անգոյության կասկածները բոլորովին կը ջրվին։

Ուստի որոշեցի հետզհետե հրատարակության հանձնել Մեծ Չիու-չիի նամակները, որոնք կատարյալ լույս կը սփրեն և հետաքրքրական մանրամասնություններ կուտան այս անծանոթ գաղթականության վրա։

«Ի՞նչ կուզեք որ գրեմ ձեզի մեր հայոց վրա, միթե դուք ևս հայ չե՞ք. հայր՝ հոս ալ նույնն է ինչ որ է ամենուրեք, ձանձրացուցիչ հյուր մը, որ կը կարծե թե բոլոր աշխարհ զինքը ասպընջականելու համար ստեղծված է, քանի որ իրեն հատուկ տեղ մը չունի, որ նախադաս կը համարի ուրիշի հոգերով զբաղիլ, քանի որ իրեն մտածելու այլևս բան մը մնացած չէ. որ աշխարհի գործերը կը տնօրինե, քանի որ իրենները կարգադրելու