Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բախտը չունի, որ և ոչ մեկ տեղացի է ու ամեն տեղ կը գտնվի, որ ամեն լեզու կը խոսի, քանի որ իրենը հասկցող չկա. որ ուրիշներու հետ կը վաստկի, կը ժպտի, կը ցավակցի ու կարտասվե, անշուշտ թողլով ուրիշներուն, որ անոնք ալ իր վրա արտասվեն. որ ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը կր սիրե, քանի որ աշխարհ կը պնդե թե անոնք լավ բաներ են. տկարին՝ բարեկամ, քանի որ չոր մաղթանքն զատ ուրիշ կերպով անոր օգնության չի կրնար հասնիլ. բռնավորին՝ թշնամի — զոր պառավ կնկան մը պես անիծելն ուրիշ բան չըներ, որ իր ապրած մթնոլորտին գիտե հարմարիլ, քանի որ մթնոլորտը իրեն չի հարմարիր. որ ամեն տպավորություն կընդունի և կանդրադարձեն, կատարյալ մեղրամոմե մարդ, որու վրա իրեն հետ կենակցող ամեն ազգ իր կնիքը կը թողա մոլությանց և առաքինությանցը հետ, վերջապես մարդկային ազգին լքյալ, աներես ու անառակ մեկ զավակը, որ կը մաքառի բախտին և մարդոց դեմ որ զինքը ավելորդ արարած մը կը դավանին, որ իզուր կաշխատի անհետանալու երկրիս երեսեն կամ հանգստյան վայր մը գտնելու հոն, միշտ շփոթած, միշտ անհանգիստ, միշտ զվարթ ու կատարելապես անտարբեր ու փիլիսոփա էակ մը՝ վարդապետին քարոզին դեմը, ինչպես կանանց անհավատարմությանը առջև։

Փեքինի գրական կյանքը կը բաժնվի երեք դաստիարակներու մեջ, որոնք ճառ խոսելով կիշխեն անհանդարտ ժողովուրդ մը վրա՝ որ անոնց կունկնդրե ինչպես ապշած եվրոպացի մը թորմոն քարոզիչի մը խրատներուն։

Դիվանագիտական օրենքներու համաձայն խմբագրված դաշնադրություն մը՝ հարակից ու փոխադարձ շահերու վրա հիմնված, ինչպես կըսեն քաղաքագետները, այս երեք մտային ինքնակալներու կայսրությունները կը սահմանե. հաստատելով modus vivendi մը, որ հարուցվելիք վեճ չի թողուր մեջտեղ և այս կերպով կը ջրե այն սխալ համոզումը որով պատերազմը ընկերական կյանքի անհրաժեշտ պայմաններեն մին կը համարվի։

Մեր վարժապետներեն անմիջապես վերջ և պարզ մահկանացուներն անմիջապես առաջ, կիները կուգան տիրապետական