Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչ Պուալոյի փայտահատին պես փայտերով ու տարիներով միայն, այլ այնպիսի անցյալով որ պատժական դատարանին ուղին կը դյուրացնե, այդ թղթակցին երեսին սևը բնական թե վերտեն հավաքված մուրերեն ներկված լինելը խնդրո նյութ է, թե փորձառությանը տեր ըլլալե վերջը՝ պարագային հարմար սուտեր միևնույն հաջողությամբ կրնա գրվիլ Փեքինեն կամ Վաղարշապատեն։

Այս ամենը պարապ գանգատներ են միայն. սուտը ճշմարտին աղն է՝ ըսած է մեծանուն փիլիսոփա մը, որուն անունը կորսնցուցած եմ. և հիրավի շարունակ ճշմարտախոս անձ մը անտանելի խոսակից մըն է. թղթակցին պարտականությանը առաջինն է իր ընթերցողները գոհ ընել և ես նախամեծար կը համարիմ ուրախառիթ սուտ մը ողբալի ճշմարտութենե մը։

Եթե լրագիրներու թղթակիցները սուտեր կը շինեն, պատճառն այն է որ դառն փորձառութենե մը վերջը, որ քիչ մնաց խեղճերը առանց ընթերցողի պիտի թողուր, թղթակիցներն ալ պարտավորվեցան թրուտոսի նման գոչել «Ո՜վ ճշմարտություն, դու բառ մըն ես միայն»։

Մեր ազգային գործերը չեն տնօրինվիր կրոնական գլուխ համարվող բարձրաշնորհ մանտարենե մը և երկու ժողովներե, որոնց մին՝ ազգին կամքը հայտնելու և մյուսն ալ գործադրելու կոչված է։

Այս հոգևոր գլուխով, երեսփոխանական մարմինով ու վարչական ոտքով արարածը, որ չինահայերուս ապագան կը ճակատագրե, այն հանելուկին լուծումն է որ «Կայի չկամ — չկայի կամ» նախադասությամբ սկսելով, տասը տարի շարունակ բարեհիշատակ տպարանապետի մը տարեցույցին ամենեն հրապուրիչ մասը կը կազմեր։

Տարաբախտ տպագրիչը շատոնց զղջացած էր այս աստիճան հայտնի բան մը հանելուկի վերածելուն, իզուր հանելուկը խիստ բացահայտ ակնարկությամբ կսկսեր «Կայի չկամ — չկայի կամ» պարբերությամբ։ Ամեն կողմեն կը հարցնեին իրեն թե հանելուկը կուտվե՞ր թե չէր ուտվեր, խանութի՞ մեջ թե ձեռքե կը ծախվեր, ու ասոր նման հազար մանրախուզութենե վերջը, «գտա գտա՛, կաղա՛մբ է, կաղա՛մբ» կը գոչեր մին,