Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ տարվան մեկ եղանակը կա, մյուսը չկա: Ո՛չ, «Պատրիարքարանի պաշտոնյաներու բարեկրթությունն է որ կա ու չկա բան մըն է», կավելցներ ուրիշ մը։ «Չէ՛, չէ՛, կիներու հավատարմությունն է որ բնավ չկա» կը պոռար երրորդ մը, որ իր անձնական փորձառության վրա կը հիմներ իր պատասխանը։ Իսկ ոչ ոք կը մտածեր ազգային վարչության վրա, որ ստվեր մըն էր. մինչդեռ համառ տպարանապետը, այս լուծումին գտնվելուն հուսահատ՝ իր գրավը շարունակ կավելցներ խաղամոլ անգլիացիի մը պես։

Առեղծված մեքենային գլխավոր մասը մեր Ներկայացուցիչներու Ժողովն է, որուն վրա իրավամբ կը պարծինք. վասն զի մեր Ներկայացուցիչներով Ժողովը՝ Քրիստոսեն ավելի բարեբախտ՝ իր աջակողմը և ձախակողմը ունի, ոչ սակայն դատապարտված ավազակներե կազմված։

Իսկ մեքենային ամբողջացուցիչ մասն է գործադիր իշխանությունը, որուն ատենապետր Վսեմաշուք Փի-Փի-էյունկ, իր գիրքը գինու զորությամբ գրավելուն վրա կարծես պարծենալով ֆրանսացի զորապետին պես կը գոչե՝ «j’y suis, j’y restel»։ Եվ արհամարհական ակնարկով նախ կը պատասխանե Ներկայացուցիչներու ժողովին ապստամբական շարժումներուն, որոնք անլուր աշխարհակալության մը պտուղը մեկ վայրկյանի մեջ իր ձեռքեն հափշտակելու կը հանգին։

Վասնզի ցավ է խոստովանիլ, որ պաշտոնեության դեմ հակառակությունն իբրև սահմանադրական հիվանդություն մեր ժողովներուն մեջ ալ մարտի կը մղե երեսփոխանները, բայց վարչությունը անհողդողդ իր աթոռին ետին՝ թշնամիին կը՝ սպասե ու կը ծիծաղի այն հարցական ու հարցապնդական ռումբերուն վրա, զորս պարզամիտ ժողովականներ կարձակեն իբրև խորհրդարանական կռիվի մեջ նորագույն ու մահատու զենք մը։

Միայն թե նեղ պարագաներու մեջ անպայման զինադուլ մը, որուն փոքրագույնը վեց ամիսեն պակաս չէ, կը լռեցնե հարցանոթներու որոտումը, և հաշտության ծիածանը, թեև վաղանցիկ, ժողովականներու ու պաշտոնյաներու գլուխը կը միացնե։