Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կյանքով կարծես անզգալի կերպով վերջացուցին տարեշրջաններն ու վերջին քննությունները տվին։

Խոսրով դատավորական ճյուղն ընտրեց. Տիգրան ազատություն կը սիրեր միշտ, ու փաստաբանական ասպարեզը մտավ, պաշտոնեության փառքն, որ Խոսրովին բոլոր ակնկալությունն էր, իրեն համար նշանակություն չուներ։ Այս երեք մարդիկը՝ չորս տարի դասընկերություն ընելե վերջ իրարմե կը բաժնվեին աշխարհի պայքարին մեջ մտնելու համար։

Բայց Խոսրով պարզ ու գոհ սրտով չի զատվեցավ իր ընկերեն, գավառացի՝ այսինքն ի բնե խորամանկ՝ բնավորությամբ խիստ հեռի էր Տիգրանեն։ Սակայն իրավ է որ երբեք միմյանց դեմ մեղադրելի վարմունքի մեջ գտնված չէին ու թե որ Տիգրանին ծանր եկած բան մը միայն կար, այն ալ սա էր թե իր ընկերը ջանացած էր ատեն մը իր հույն սիրուհին ձեռքեն կորզել, բայց աղջիկը՝ բացե ի բաց ծաղր ու ծանակ ըրած էր արդեն իր դժբախտ հակառակորդն ու զայն Համալսարանին բոլոր ուսանողաց կատակներուն ու հեգնությանը մատնած էր։

Խոսրով՝ ամեն բանե ավելի ընկերական դիրք մը ձեռք բերելու հետամուտ՝ հոժարակամ իր նպատակի հաջողության զոհած էր ամեն զգացում, կատարյալ տեր իր անձին, վարժված ծածկելու այն ամեն դառնությունը՝ զոր Համալսարանին մեջ Տիգրանին բարձր դիրքն իր նախանձոտ սրտին մեջ կը թափեր, բայց ամեն ատեն կարոտ անոր օգնության, վկայագիր մը ձեռք բերելու համար, վկայագիր՝ որ ամեն ասպարեզ պիտի բանար իր առջև, խոհեմություն համարած էր զգուշանալ ամեն ընդդիմության ու հակառակության փորձերե։ Ընդհակառակն խոնարհ ու հաճելի ձևերով անոր պաշտպանության ապավինիլ կը ցուցուներ, որով հաջողեր էր Տիգրանի կատարյալ վստահությունը շահելու։

Անգամ մը միայն քիչ մնացեր էր վար առն ու այս կեղծավորության դիմակը։ Վայրենի ու վավաշոտ սերով մը սիրած էր այն գեղեցիկ հելլենուհին որ Տիգրանին կը ժպտեր շարունակ. ինքն երկու տարիե ի վեր մեկ ժպտին կարոտ, մեկ նայվածքին կապված, մաշեր ու սպառեր էր երբ իր երջանիկ ընկերն, ամեն բանի մեջ ճակատագրեն օգտված, անհուսալի