Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարենալով շունչ առներ հետզհետե մերկանալով վերարկուն սեթրին ու բաճկոնն ու երևան հանելով շապիկին վրայեն տափատը բռնելու համար կուրծքին վրա խաչաձև բերված ասկըն, որ իր ուսերը կը կքեր ու խաչված մարդու մը կերպարանքը, կուտար իրեն։

Այսպես կը շրջեր տիրացու Արթին ծաղկոցին մեջ, հոտավետ ծաղկոց մը, ուր հարյուր տղոց քաղվածքի մոլտուքը՝ մեղվաց երամի մը բզզյունին պես երթալով կը բարձրանար ու խլացուցիչ կը դառնար, մերթ ընդ մերթ կանգ առնելով, գավազանը ձեռքն ու պոռալով իր ճչող և սուր ձայնովը.

— Լռությո՜ւն...

Մյուսյու կուզեր որ կոչեինք զինքը. վարժապետ և պատվելի բառերը հետադեմ ու նախատական կը թվեին իրեն։ Ուսումնարանը ուր կառավարելու համար ունեցած բաղձանքը երբեք իրակ անացած չէր, Ձայնավոր Գասպար կառավարչի ու ձայնավոր դասատուի կրկին պաշտոններուն մեջ ամրացած կը մնար և այս փառասիրական պահանջումը դառնությամբ կը լեցներ իր փոքրիկ սիրտը։

Անվերջ բաղդատություն մ՛էր իր նախակրթարանին և ուսումնասրահին մեջ որ միշտ մեզի նպաստավոր եզրակացությամբ մը կը վերջանար։

— Վերի աղմո՛ւկը նայեցեք, թող չեն տար որ աշխատիք, կըսեր մեզի։

Կամ թե,

— Թող մեյ մը իմ սրահս նային, մեյ մըն ալ սա վերի խավուշը։

Եվ մենք կեղծավոր ու շողոքորթ, կը բոլորվեինք իր շուրջը, կարեկից իր ցավին ու անաչառ վկա իր գանգատին արդարացի ըլլալուն։

— Այո՛, մյուսյու։

Եվ սակայն վերի սրահը կորոտար, կը թնդար իր ցնծալիք ու աղմկալից կյանքովը, կռիվներով, ծեծկվուքներով զորս կզգայինք մեր զլխուն վրա ու ներքնապես կողբայինք մեզ ծաղկոցին գրասեղաններուն կապող տարիքներնուս վրա։

Կարծեմ թե կաթվածե մեռավ վերջ ի վերջո, իր մշտածոր